Factor TV-ի հարցերին պատասխանում է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
– Հայաստանի Հանրապետության միգրացիոն ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն 2021 թ․ առաջին կիսամյակում մեկնածների և ժամանածների սալդոն բացասական է, մինչդեռ 2020 թվականին դրական է եղել։ Կխնդրեմ նշեք, թե այս հարցում ի՞նչ դեր է ունեցել պատերազմը, և բացի պատերազմից այլ ինչ գործոններ են ազդել այդ ամենի վրա։
-2020 թվականին մենք գործ ունեինք փակ սահմանների հետ, երբ Covid-ի պատճառով ոչ միայն հնարավոր չէր մեկնել, այլև կտրուկ բարձրացավ վերադարձողների թիվը։ Արտերկրում գտնվող բոլոր քաղաքացիները վերադառնում էին իրենց քաղաքացիության երկրները, ու Հայաստանը ևս բացառություն չէր։ Դրան նպաստեց նաև այն, որ չէին գործում այն աշխատանքի վայրերը, ուր առնվազն մեկնել էին աշխատելու մեր միգրանտները։ 2021-ին բացվեցին ճանապարհները, հնարավոր էր և աշխատանքային միգրանտների մեկնումը։ Դրանից բացի, իհարկե, պատերազմի գործոնն էր շատ կարևոր և ոչ միայն պատերազմի, այլև Հայաստանում քաղաքական իրավիճակի, որը միշտ էականորեն անդրադառնում է միգրացիոն գործոնների վրա։ Այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրություններից առաջ և հետո մեր միգրացիոն գործընթացների վրա մենք ազդեցությունը տեսել ենք։ Այս տարին ևս բացառություն չէր։ Անշուշտ, պատերազմն էլ ունեցավ իր էական ու կարևոր ազդեցությունը այս գործում։ Դեռևս կդժվարանամ ասել, թե մեկնողների մեջ որքանն էին որ հույսը կտրել էին Հայաստանից և ընտանիքներով են մեկնել, որովհետև, երևի թե, այդ տվյալները կունենանք տարեվերջին, իսկ հիմա առնվազն նայելով ՌԴ-ի միգրացիոն ծառայության կայքը, որտեղ երևում է, թե որքան են դիմել միգրացիոն հաշվառման կանգնելու համար և նրանցից որքանն են եղել աշխատանքի նպատակով մեկնողները, տվյալները ինձ թույլ են տալիս խոսել այն մասին, որ սա հիմնականում աշխատանքային միգրանտների մեկնում է Հայաստանից։ Այլ տարբերակ դժվար էլ լիներ, քանի որ մյուս երկրների հետ փակ են մեր սահմանները։ Մենք հիմա չենք կարող Եվրոպական երկրներ մեկնել, այսինքն՝ առայժմ ազատ կարող ենք գնալ մի քանի երկիր, և Ռուսաստանի Դաշնությունը, որը վերցնում է մեր միգրացիոն հոսքերի առյուծի բաժինը՝ 95% և ավել բաժինը, այդ երկիրը բաց է մեզ համար ու դրա համար էլ հոսքերը շարունակում են գնալ այդ երկիր։ Դե, նպատակն էլ աշխատանքն է, իսկ տարեվերջին կունենանք, թե ինչքանով է հիմնականում բացասական։ Այս թիվը ես կապում եմ դեռևս նրա հետ, որ 2020 թվականին փակ էին սահմանները և մենք չունեցանք աշխատանքային միգրացիայի այն հոսքը, որ ունեցել ենք ամեն տարի։ Այսինքն՝ հիմա՝ 2021 թվի մեկնողների թվին գումարվել է 2020-ին չմեկնածների թիվը, և դրա համար մենք ունենք նման իրավիճակ։ Այս կիսամյակը ակտիվ մեկնման շրջանն է, իսկ տարեվերջին, երբ կսկսեն վերադառնալ, ավելի հստակ տվյալ կունենանք, թե որքանը չեն վերադարձել, մնացել են արտերկրում։
-Ունե՞նք վիճակագրություն, թե մեր հայրենակցներն ավելի շատ ինչ դրդապատճառներից ելնելով են լքում հայրենիքը։
-Ես իմ հարցազրույցներում բազմիցս ասել եմ, որ հետաքրքիր օրինաչափություն կա։ Ինչ նպատակով մեկնում են, շատ հաճախ նույն նպատակով էլ վերադառնում են։ Առնվազն այն հարցերը, ինչի համար, որ դիմում են քաղաքացիները խորհրդատվության համար, դեռևս կապված են Ռուսաստան մեկնելու և այնտեղ ժամանակավոր բնակություն հաստատելու հետ։ Այսինքն՝ աշխատանքի հետ կապված հարցերն են, բայց քիչ չեն նաև հարցերը, երբ մարդիիկ գրում են՝ ինչպես ստանալ քաղաքացիություն։ Այսինքն՝ մի որոշ հատվածի մոտ կա տրամադրվածություն, որ ուզում են ընդհանրապես մեկնել և իրենց արդեն հետաքրքիր է, թե ինչպես կարող են ստանալ քաղաքացիություն։ Կա նաև մի շատ կարևոր գործոն, անգամ եթե չկա պատերազմ, բայց տվյալ երկրում անպիսի սոցիալ-քաղաքական կամ տնտեսական իրավիճակ է, որ մարդիկ չեն տեսնում իրենց երեխաների ապագան տվյալ երկրում, դա շատ լուրջ գործոն է, ինչի համար որ մարդիկ սովորաբար մեկնում են ու դիմում միգրացիայի։ Սա միայն հայկական երևույթ չէ, պարզապես մենք փոքր երկիր ենք և մեզ վրա անմիջապես երևում է այդ հոսքերի ազդեցությունը։