Ադրբեջանցիները հետ են քաշել Շուշիի շրջանի Եղցահողի հենակետերը. վարչակազմի ղեկավար. Ազատություն

Ադրբեջանցիները հետ են քաշել Շուշիի շրջանի Եղցահող գյուղի հենակետերը, «Ազատությանը» հայտնեց Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը:

«Այսօր առավոտյան գնացել են, տեսել են, որ արդեն վրանները չկան», – ասաց նա:  Եղցահողը, որ Բերդձորից Շուշի ընկած հատվածում է, 44-օրյա պատերազմից հետո մնացել է հայկական վերահսկողության տակ:

Համայնքապետ Արտակ Հակոբյանը երկու օր առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ ադրբեջանական զորքերը դեռևս հետ չեն քաշել իրենց դիրքերը գյուղի սահմաններից, մինչդեռ հայկական կողմը, հետևելով երկկողմանի պայմանավորվածությանը, արդեն դուրս է բերել զինծառայողներին տարածքից, իսկ Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանն իր հերթին պնդել էր, թե հայկական զորքերը հետ չեն քաշվել ոչ մի դիրքից:

Գրիշա Հովհաննիսյանն այսօր ասաց նաև, որ իրավիճակը Եղցահողում նորմալ է. «Ժողովուրդն ապրում է, 140 բնակիչ կա այնտեղ ապրող: Ռուսական ուղեկալները հերթապահություն են կատարում, բայց դե փաստորեն նորմալ է, միջադեպ չի գրանցվել առայժմ: Ենթակառուցվածքները նորմալ աշխատում են»: