Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Նոյեմբերի 9-ից հետո ռուսական այսպես ասած փորձագիտական մի բանակ անդադար փորձում է հավաստիացնել, որ ամեն ինչ որոշել կամ վճռել է Պուտինը: Սա շատ հասկանալի մղում է ՌԴ տեսանկյունից, ու նաեւ իհարկե թուրքերի ու ադրբեջանցիների համար օգտակար: Ռուսաստանի տեսանկյունից, իշխանությունը պետք է համոզի բոլորին, որ, ոչ թե անկարողությունից կամ թուլությունից կորցրել է Կովկասը եւ թույլ տվել թուրքերին հաղթել իր դաշնակից համարվող հայերին, այլ ինքն է այդպես որոշել, ինքն է այդ հաղթանակի տերը:
Ոչինչ, որ հայերը կհայհոյեն դրա համար: Մեկ է, ունեն հայհոյելու լիքը այլ պատճառներ եւ առիթներ: Կարեւորը, որ Ռուսաստանի ներսում լինի համոզումը, որ Պուտինը կովկասյան պատերազմում ոչ թե պարտվողն է, այլ հաղթողը, որ, ոչ թե ստիպված է եղել հրաժարվել Կովկասի «մենաշնորհից», այլ ինքն է որոշել «մաս հանել», ինքն է շարունակում լինել «որոշողը»:
Պուտինյան ամբողջ իշխանությունը կառուցված է դրա վրա՝ «նա չի կարող պարտվել», «նա միայն հաղթում» է, «չի կարող լինել նրա կամքին հակառակ որեւէ միջազգային իրադրություն, առավել եւս ՌԴ կենսական շահերի գոտի դիտվող ռեգիոնում»: Սա է ամբողջ իմաստը՝ ամեն կերպ քողարկել Կովկասում Ռուսաստանի, Պուտինի պարտությունը:
Թուրքերի ու ադրբեջանցիների համար այդ վիճակը շահեկան է նրանով, որ քաղաքական առումով «թեթեւացնում» են պատերազմի համար իրենց պատասխանատվությունը՝ ամեն ինչ որոշել է Պուտինը:շ
Իրականում, Պուտինը որոշել է ամենեւին ոչ ամեն ինչ, եւ նույնիսկ թերեւս քիչ բան: Եվ ոչ այն պատճառով, որ նա ավելի «լավն ու բարի է» է, քան մենք կարծում ենք՝ քաղաքականության մեջ ծիծաղելի է այդօրինակ չափումը որեւէ մի գործչի հանդեպ: Այլ, որովհետեւ նա թույլ է, առնվազն տակտիկական հնարավորությունների առումով նա թույլ է:
Նրա ուժը ներկայումս առավելապես քարոզչության, ու մի քիչ էլ «միջազգային խուլիգանության» քաղաքական էության եւ ոճի մեջ է: Պարզապես, ամբողջ հարցն այն է, որ միջազգային հանրությունը մի շարք գոտիներում, այդ թվում Կովկասում, նրան դեմ է տվել իր պես մի «միջազգային խուլիգանի» Էրդողանի. որը տակտիկական ճակատամարտում Պուտինից վերցրել է Կովկասի կեսից ավելին:
Սա անշուշտ ռազմավարական ելք կանխորոշող իրադրություն չէ, բայց այն է, ինչ կա այս պահին»: