Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ». Աշոտյան. «Ազատություն»

Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ». Աշոտյան. «Ազատություն»
Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ». Աշոտյան. «Ազատություն»

Հանրապետականի ապագայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը «հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ»։

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ ասել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետականի վերաբերյալ արած երեկվա հայտարարություններին։

«ՀՀԿ-ին արմատախիլ անելու կոչեր անող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը ՀՀԿ ապագայով, իհարկե, հիշեցնում է կոկորդիլոսի արցունքներ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության ապագան կախված է բացառապես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներից և հասարակությունից, ով պետք է պատրաստակամություն ունենա թարմացած, բարեփոխված ՀՀԿ-ին տալու իր ձայնը՝ ելնելով այն հանգամանքից, որ Հանրապետականն է ներքաղաքական դաշտում բացառիկ ընդդիմադիր ուժը, որն ունի նաև հստակ ազգային գաղափարախոսական հիմք», – ասել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ երեկվա ԱԺ նիստում ունեցած իր ելույթում վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ՀՀԿ-ին զերծ մնալ տարատեսակ սադրանքներից, եւ համակերպվել այն մտքի հետ, որ իրենք արդեն ընդդիմություն են:

«Հարգելի Հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում, որովհետև այդ հին Ընտրական օրենսգիքրը պահելով դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում, որովհետև մենք ինչո՞ւ ենք ուզում Ընտրական օրենսգիրքը փոխել, որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնենք: Հենց այդ ռևանշիստական մղումները պահեցիք, ընտրություններն ուզենք թե չուզենք լինելու են սև ու սպիտակի տրամաբանության մեջ, դուք զրո ձայն եք ստանալու, ձեր միակ շանսը հնարավորինս քաղաքականացնելն է, որպեսզի մենք արդեն փակված համարենք հին թեման, խոսենք ծրագրերից, բյուջեից, հարկերից, պնդիրներից, տնտեսական հեռանկարներից, որտեղ դուք բավականին մեծ տեղեկատվություն ունեք: Ի վերջո, այդ ռևանշիստական բաները թողեք, որովետև դա ձեզ միայն վնասում է, ի վերջո համակերպվեք, որ դուք վերջ, ընդդիմություն եք, գոնե ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանեք, դուք նույնիսկ դա չեք ուզում պահպանել: Հին Ընտրական օրենսգրքով դուք ընդհանրապես չեք անցնելու, ձեր միակ շանսը փոփոխված Ընտրական օրենսգիրքն է՝ պարզ համամասնական ցուցակը, այդ լարվածությունը որքան մեծ եղավ, այնքան ձեր դեմ է աշխատում»,- ասել էր Փաշինյանը: