Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝  էլեկտրամատակարարման բացակայության պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Դատարանը գտնում է, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնություն: Այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- ասաց Բաղդասարյանը:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 7-ին. այն կմեկնարկի ժամը 13:00-ին:

Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Ըստ «Դատալեքս»-ի` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը  2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։