Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին

Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին՝ բողոքելով, որ մթերողները հրաժարվում են խաղող ընդունել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք պահանջում են, որպեսզի մարզպետը հանդիպի իրենց հետ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից որևէ մեկը խնդրին լուծում տա։

«Խաղողի գործարանների կեսն այսօր հրաժարվում է ընդունել խաղողը։ Նրանք ասում են, որ հորերն անցած տարվանից լի են և չեն կարող անգամ 1 կգ խաղող ընդունել։ Վերցնելու դեպքում էլ 1 կգ-ը 115 դրամով են հաշվում։ Պռոշյանի կետը Հոկտեմբերյանում արդեն բացվել է և 2 օրում 100 մեքենա արդեն հերթում է կանգնած։

Պայմանագրերում էլ հատուկ նշված կետեր ունեն, որ համապատասխան որակը չապահովելու դեպքում գնիջեցում է տեղի ունենում։ Խաղողն անգամ մեկ շիշ սովորական ջրի գին չի կազմում, այսօր էլ ասում են, որ գնիջեցում են անելու։ Մեզ հայտնում են նաև, որ գումարը վճարելու են 270 օր հետո»,- նշեց խաղողագործը։

Ակցիայի մասնակիցները բողոքում են, թե ինչպես պետք է ապրեն նման պայմաններում, քանի որ պետք է հարկեր տան, կոմունալ ծախսեր վճարեն և այլ հարցեր լուծեն։