«Եթե մենք՝ որպես հասարակություն, որոշում ենք, որ չենք գնում մահանալու ճանապարհով, պետք է համալիր ծրագիր ունենալ». Դավիթ Մելիք-Նուբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը

– Պարո՛ն Մելիք-Նուբարյան, օրերս մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան հազար դեպք, մեկ օրում 26 մահվան դեպքի մասին էլ շատ խոսվեց։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, արդյոք լոքդաունի անցնելը ճի՞շտ տարբերակ է։ Ինչպե՞ս պետք է հանրությանը ուղղված սթափության կոչերը ճիշտ տեղ հասցնել։

– Բարդ հարց եք տալիս, քանի որ արդեն անցել է մեկուկես տարի, բայց, ըստ էության, չի ստացվել հանրության շրջանում ձևավորել կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական պահանջարկ, որովհետև նախ՝ չստացվեց հակահամաճարակային վարքագիծ ձևավորել, և հիմա էլ չի ստացվում պատվաստումների վերաբերյալ միասնական մոտեցում ցուցաբերել։ Մենք պատվաստումների ցուցանիշով ամենացածր տեղերում ենք։ Եվ այստեղից էլ բխում է՝ ինչ կարելի է անել։ 

Պետք է նախ հասկանալ՝ մարդիկ ինչո՛ւ չեն պատվաստվում։ Եվ եթե անդրադառնանք վերջերս հրապարակված հարցումներին, կտեսնենք, որ որևէ պարագայում պատվաստվել չցանկացող մարդիկ այնքան էլ շատ չեն, ընդամենը 7 տոկոս են, իսկ 65 տոկոսը սկզբունքորեն դեմ չէ պատվաստվելուն, եթե բավարար ինֆորմացիա ունենա, այսինքն՝ մարդկանց հետ հաղորդակցումը պետք է փոխել։ 

Եվ կարծում եմ, որ շատ կարևոր է դաշտային հաղորդակցման մեթոդի անցնելը, այսինքն՝ առողջապահության ոլորտի այն մասնագետները, որոնց մարդիկ ավելի շատ են վստահում, նախ նրանց հետ պետք է աշխատել, ձևավորել դրական կարծիք, հետո այդ կարծիքն էլ կտարածվի բնակչության վրա։ 

Ինչ վերաբերում է լոքդաունին, այն կարող է և արդյունավետ լինել, բայց մենք նորից գալիս ենք նրան, որ դրա հանրային պահանջը չկա։ Այս պայմաններում, չեմ կարծում, որ որևէ մեկը գնա լոքդաունի։ 

Միգուցե դասապրոցեսը դառնա հեռավար, բայց այստեղ էլ մի կարևոր նրբություն կա. բոլոր զեկույցները խոսում են այն մասին, որ կրթական հաստատությունների փակումն ավելի մեծ բացասական ազդեցություն է թողնում, քան հնարավոր քովիդի դեպքերը, որ կարող են լինել դպրոցում։ 

Որովհետև բացի նրանից, որ տուժում է աշակերտների, ուսանողների կրթությունը, սա նաև կոմպլեքս խնդիրներ է առաջացնում, թե, ով, օրինակ՝ պետք է հետևի երեխաներին, դրա համար պետք է շատ մտածված որոշումներ ընդունել։ 

Իսկ այն, որ վիճակը մտահոգիչ է, և մենք շատ ծանր հետևանքներ ունենք արդեն մեկուկես տարի, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ ոք դրա մասին չի խոսում ո՛չ համայնքներում, ո՛չ համայնքներից դուրս, ո՛չ էլ առողջապահության նախարարությունից դուրս, և, իհարկե, սա ահազանգող երևույթ է։

– Քաղաքային տրանսպորտում ոչ ոք դիմակ չի դնում, ու տրանսպորտը գերծանրաբեռնված է, արդյոք քայլեր ձեռնարկվելո՞ւ են։ Օրինակ՝ Վրաստանում օրեր շարունակ հանրային տրանսպորտը չէր գործում։ Արդյոք կարո՞ղ են տուգանքները որևէ բան փոխել։

– Եթե մենք՝ որպես հասարակություն, որոշում ենք, որ կորոնավիրուսը իրոք վտանգավոր է, և մենք իրոք ուզում ենք պայքարել դրա դեմ, այսինքն՝ չենք գնում մահանալու ճանապարհով, պետք է համալիր ծրագիր ունենալ, որն իր մեջ կներառի խստացումներ այսպես կոչված ոչ դեղորայքային միջամտությունների պահպանման նկատմամբ, այսինքն՝ հեռավորություն, դիմակ, հիգիենա, աշխատանքի վայրում անվտանգություն, կրթական համակարգում անվտանգություն։ 

Իսկ տուգանքներն էլ պետք է լինեն դրանց բաղկացուցիչ մասը։ Բայց չկա այդ պահանջարկը։ Ամեն դեպքում, չի երևում, որ կա։ Օրինակ՝ ինչ-որ բան խանգարո՞ւմ է մարդուն չնստել լիքը ավտոբուս, իհարկե ոչ։ 

Ինչ-որ մեկը խանգարո՞ւմ է համայնքի ղեկավարին մտահոգվել լիքը ավտոբուսներով և շատացնել երթուղիներում ներգրավված տրանսպորտի քանակը, իհարկե ոչ։ Եվ ոչ մեկի դա չի մտահոգում, և որևէ գործողություն չի արվում։

– Եթե այսպես շարունակվի, ի՞նչ սպասենք մեկ ամիս անց։

– Քանի որ, ըստ էության, Հայաստանում այս իրավիճակը նոր չէ, համաճարակը մեզ մոտ զարգանում է իր բնականոն ընթացքով, այսինքն՝ մենք գրեթե չենք ազդում դրա զարգացման վրա, որոշումներ չենք ընդունում, իսկ որն էլ ընդունում ենք, կասկածելի արդյունավետությամբ է կատարվում: 

Մոտավորապես 4-5 շաբաթ հետո թվերը կսկսեն նվազել, կանցնի ևս 10-12 շաբաթ, կլինի հանգիստ ժամանակաշրջան, հետո կլինի հինգերորդ ալիքը և այսպես շարունակ, հետո այդ հինգերորդ ալիքը կտևի 10-12 շաբաթ, հետո էլի կլինի թվերի իջեցում։ 

Եվ մենք անընդհատ կունենանք այս վարակը, մինչև մեզ մոտ բնական ճանապարհով կձևավորվի իմունիտետ, բոլորս կհիվանդանանք և կլավանանք։ Եվ Հայաստանում բռնկում այլևս չի լինի։ 

Չգիտեմ, թե որքանով լոքդաունը հիմա կլինի արդյունավետ, բայց կարող ենք գոնե պատվաստվել։ 

– Դպրոցները, ուսումնական հաստատությունները երկու շաբաթ է՝ ինչ բացվել են։ Գիտենք, որ դելտա շտամը երեխաներին էլ է հասել, ի՞նչ սպասել։ Հնարավո՞ր է վիրուսի բռնկում երեխաների շրջանում։

– Կա միջազգային վիճակագրություն, որ 15-24 տարիքային խմբում հիվանդությունների թիվն ավելացել է։ Եվ դա պայմանավորել միայն դելտա շտամով, կոռեկտ չէ, որովհետև այն երկրները, որտեղ այդ վիճակագրությունը կա, արդեն մեծահասակների մեծ մասը պատվաստված է, իսկ սա նշանակում է, որ անհամեմատ ավելի քիչ են վարակվում, դրա համար վարակը տարածվում է երիտասարդների շրջանում։ 

Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ երիտասարդներն ավելի շատ են շփվում այն պատճառով, որ կորոնավիրուսն իրենց համար այնքան է վտանգավոր չէ, և քիչ պատասխանատու վարքագիծ են դրսևորում։ Ինչ վերաբերում է երեխաներին, այնուամենայնիվ, այսօր առկա ապացույցները խոսում են այն մասին, որ անհամեմատ ավելի քիչ է երեխաների մոտ և անհամեմատ ավելի քիչ վտանգավոր է։ Եվ պնդել, որ երեխաների մոտ բռնկումներ կան, այնքան էլ ճիշտ չէ։

– Ելքը պատվաստո՞ւմն է։

– Ամենաանվտանգ տարբերակը, քիչ սոցիալական և տնտեսական կորուստների տարբերակը, այո՛, մնում է պատվաստվելը։ Եվ շատ տխուր է, որ մեր հասարակությունը, որն ունի հազարամյակների պատմություն, այսօր շատ տխրեցնող մոլորություններ են տիրում, որոնք մեզ խոչընդոտում են պատվաստվել։ Եվ այս առումով պատկերը շատ տխուր է։

Մանե Հարությունյան

MediaLab.am