ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Սերբիայի ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ:

Այս մասին փոխանցեցին ՀՀ ԱԺ-ից, մանրամասնելով, որ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Սերբիայի հետ միջխորհրդարանական համագործակցությանը:

Նա վստահեցրել է, որ 8-րդ գումարման ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի վերաձեւավորումից հետո համագործակցությունն ու ակտիվ շփումները կշարունակվեն` նպաստելով երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը:

Միջպետական եւ միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման գործում կարեւորվել են փոխայցերը:

Ալեն Սիմոնյանը ողջունել է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը, ինչը նոր խթան կլինի հայ-սերբական հարաբերությունների զարգացման եւ հետագա համագործակցության համար:

Կողմերը մանրամասն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:

Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը` բոլոր ասպարեզներում խորացնելու եղբայրական Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում` խորհրդարանների միջեւ գործընկերային կապերը ամրապնդելու միջոցով: Նա շեշտել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ավարտին ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատեց Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու` Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչին ուղղված հրավերը: