«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա»։
Նման գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որի ղեկավարած կուսակցությունը 2017 թվականի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ «ԵԼՔ» դաշինքով մտել է Խորհրդարան, իսկ սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստանի» հետ մասնակցել է «Լույս» դաշինքով:
Սպասվում էր, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը» նորից կմասնակցեն «Լույս» դաշինքով: Նախօրեին, սակայն, «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր, թե մասնակցելու է առանձին:
«Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:
«Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում…»,- գրել է Սարգսյանը: