Խորհրդարանական ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած թեկնածուներից մի քանիսի, մասնավորապես վերջին 5 տարում իրենց աշխատանքային գործունեությամբ աչքի ընկնող անդամների չընդգրկվելը առաջիկա ձևավորվող խորհրդարանում բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել:
Քաղաքական վերլուծաբաններն այն կապում են «Ժառանգության» կողմից հանրահայտությամբ աչքի ընկնող անդամների օգտագործման հետ, իսկ կուսակցության անդամները մատնանշում են ընտրակեղծիքներն ու խախտումները:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Մեդիալաբի» հարցմանը պատասխանում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին լավ գովազդում էր իր թեկնածուներից Ստեփան Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին, Արմեն Մարտիրոսյանին և Լարիսա Ալավերդյանին, որոնք, փաստորեն, ցուցակի վերջում էին հայտնվել:
«Սա ցույց տվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն օգտագործեց իր այն թեկնածուների հանրաճանաչությունը, ովքեր շատ լավ աշխատանք էին տարել, որպեսզի նրանց միջոցով ձայներ ապահովի և խորհրդարանը լցնի այլ մարդկանցով»,- ասում է Բոզոյանը:
«Ժառանգության» համամասնական ցուցակով Ստեփան Սաֆարյանը 8-րդ տեղում էր, Անահիտ Բախշյանը` 14-րդ, Արմեն Մարտիրոսյանը` 16-րդ, իսկ Լարիսա Ալավերդյանը` 41-րդ:
Ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով` «Ժառանգությունը» խորհրդարանում իր փոքրաթիվ տեղերը ստացավ ՀՀԿ-ի ֆինսակազմակերպական գործունեության արդյունքում:
Ըստ նրա՝ «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների դաշինքը ձևավորվել էր ոչ իրենց կամքով, այլ իշխող կուսակցության կամ այլ քաղաքական ուժերի ջանքերով, որի հետևանքով խորհրդարանում չընդգրկվեցին իրավապաշտպան գործունեություն ծավալող թեկնածուները՝ հայտնվելով ցուցակի ոչ անցողիկ տեղերում:
«Ժառանգությունը» չէր էլ կարող այդ թեկնածուների անունները ցուցակի առաջին տեղերում գրել, բացի մեկից՝ Զարուհի Փոստանջյանից, քանի որ ՀՀԿ-ին ձեռնտու չէր լինի խորհրդարան անցկացնել «Ժառանգություն» կուսակցության այն թեկնածուներին, ովքեր հիմնական գործունեություն ծավալողներն են եղել: Այդ իսկ պատճառով անցած թեկնածուներից մեկն էլ նախկին ՀՀԿ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գովերգողներից մեկն է»,- նշում է Բադալյանը:
Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ` սա չի նշանակում, որ «Ժառանգությունը» վատ աշխատեց կամ լավ քարոզարշավ չտարավ:
«Սա ապացուցում է, որ մեր երկրում շարունակվում է օլիգարխիան, որ այն մարդիկ, ովքեր 5 տարի մի ծպտուն չեն հանել, անցան, իսկ նրանք, ովքեր օրնիբուն աշխատում են, չընդգրկվեցին»,- ասում է Սաֆարյանը:
Ըստ նրա՝ ընտրություններում երեք կոալիցիոն ուժերն օգտագործեցին և´ ֆինանսական, և´ վարչական ռեսուրսներ՝ զրկելով ժողովրդին իր ազատ կամքն արտահայտելու իրավունքից և ընտրելու նրան, ում հավանում է: Նրա խոսքով՝ ժողովուրդն ի սկզբանե պարտված էր այս ընտրություններում:
«Ինձ մտահոգում է ոչ թե այն, որ ես չեմ ընդգրկվել խորհրդարանում, այլ այն, որ մեր երկրի հայելին էին այս ընտրությունները, և այսպիսի վիճակում է գտնվում մեր երկիրը»,- հավելում է Սաֆարյանը:
«Ժառանգություն» կուսակցության մամլո պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով` կուսակցության առավել ակտիվ թեկնածուների չընդգրկվելը խորհրդարանում կապված է ընտրակեղծիքների ու խախտումների հետ, որը թույլ չտվեց, որ կուսակցությունից ավելի շատ անդամներ անցնեն ցուցակով:
Մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորական մանդատ չստացած Անահիտ Բախշյանը նշել էր, որ հայ հասարակության մոտ մի լուրջ տոկոսի ծախվածության բարձրագույն աստիճան կա:
«Ժողովրդի այն հատվածը, որն ամենաթշվառն է, իրավունքները պաշտպանված չեն, և որոնք ամենաշատն ունեն ամենօրյա հոգատարության կարիք, ծախվելով ընտրություններին, մնացին միայնակ և գնացին դեպի կործանում»,- ասել է Անահիտ Բախշյանը:
Նա նշում է, որ մինչև ընտրությունները Շենգավիթ վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրվել էր նաև մեծամասնական ընտրակարգով, սոցիոլոգիական հարցում է պատվիրել, ըստ որի` հարցվածների 44 տոկոսն պատրաստ էր իրենց ձայնը տալու իրեն:
«Ճիշտ է` տխրել եմ, բայց դա ինձ համար ողբերգություն չէ»,- ասում է Բախշյանը:
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am