Տոննաներով խաղողը մնացել է առանց մթերման․ խաղողագործները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը․ Factor.am

Այսօր առավոտից Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը, գրում է Factor.am-ը։

Նշված համայնքների գյուղացիները տարիներ շարունակ խաղողը հանձնել են ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Ամասիայի մթերման կետին: Այս տարի մթերման կետը դեռ չի բացվել, գյուղացիներն անորոշության մեջ են:

«140 տոննա միայն ես ունեմ խաղող, մնացած հարյուրավոր մարդկանց՝ չեմ հաշվում։ Գյուղատնտեսական վարկ եմ վերցրել 15 միլիոն դրամ, վճարման ժամկետը մոտենում ա, բայց մի կոպեկ չունեմ։ Ախր սենց ո՞նց կլինի, չեն ընդունում, խաղողն էլ արևի տակ չամիչ ա դառնում, բա մենք մե՞ղք չենք»,- Factor.am-ի հետ զրուցում իր վրդովմունքն արտահայտեց Նոր Կեսարիա համայնքից խաղողագործ Գառնիկ Մաթևոսյանը։ Նա ասաց, որ շուրջ 13 տարի է՝ համագործակցում է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի հետ։ Բողոքի ակցիայի ժամանակ խաղողագործները պահանջել են Արմավիրի մարզպետի ներկայությունը, սակայն վերջինս Կառավարության նիստին էր, ուստի նրա փոխարեն բողոքավորներին հանդիպել է փոխմարզպետը։ Նա խոստացել է խաղողի մթերման բանակցել այլ ընկերությունների հետ և օգնել գյուղացուն՝ իրացնել ամբողջը։ «Չենք հավատում, մինչև աչքներովս չտեսնենք, չենք հավատա։ Էլի եկան թոզ փչեցին՝ գնացին։ Հետներն էլ մի ամբողջ ոստիկանական գունդ էին բերել, պայմանավորվածությունից հետո՝ բացեցինք ճանապարհը․ կուտակված մեքենաներ կային, մեղք էր՝ արևի տակ էդքան սպասեին»,- ասաց Գառնիկը։ Նշենք, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրները պարբերաբար սրվում են․ տևական ժամանակ այս մասին ահազանգող խաղողագործները մատնանշում են նաև հանձնման սակագինը, որը, ըստ իրենց, ձեռնտու չէ:

«110-150 դրամով պետք է ընդունեին խաղողը, սակայն հայտարարում են, որ վերջին գինը 110-115-ն է։ Էդ էլ մեզ չի գոհացնում, էդքան բան ենք արել բերք ստանալու համար, ստացվում ա՝ մինուսով ենք դուրս գալիս»,- Factor.am-ի հետ զրույցում օրեր առաջ ասել էր Արագածոտնի մարզի խաղողագործներից մեկը։ Factor.am-ը կապ հաստատեց նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի հետ, պարզելու՝ ո՞րն է մթերման հետ կապված խնդրի պատճառը։ Մեզ հայտնեցին, որ ավելի ուշ կապ կհաստատեն, սակայն դեռևս որևէ պատասխան չի եղել։