Հետտոնական հանգստյան օրերը դեռևս աշխատանքային չեն. անհրաժեշտ է ԱԺ-ի հաստատումը․ FIP.am

Սեպտեմբերի 16-ին կառավարությունը հավանություն տվեց ամանորյա տոներից հետո մինչև հունվարի 7-ը ոչ աշխատանքային համարվող օրերը կրճատելու մասին օրենքի նախագծին։

Կառավարության այս որոշումը լրատվական հարթակներում և սոցիալական ցանցերում ներկայացվեց որպես փաստ, որ այսուհետ Հայաստանում ամանորյա տոներին ոչ աշխատանքային են լինելու միայն հունվարի 1-ն ու հունվարի 6-ը։

Սակայն դա այնքան էլ այդպես չէ

Հունվարի 1-ից 7-ը ոչ աշխատանքային օրեր են, որոնք սահմանված են «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով։ Ըստ այդմ՝ Ամանորը նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, հունվարի 3-ը, 4-ը և 5-ը համարվում են նախածննդյան տոներ, իսկ հունվարի 6-ը՝ Սուրբ Ծնունդի և Հայտնության տոն:

Նույն օրենքի համաձայն՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող օրը՝ Մեռելոց հիշատակի օրը, ևս համարվում է ոչ աշխատանքային օր։

Որպեսզի հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը համարվեն աշխատանքային օրեր, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, ինչի իրավասությունը կառավարությունը չունի։ Սա նշանակում է, որ կառավարության որոշումը վերաբերում է ոչ թե նշված ոչ աշխատանքային օրերը աշխատանքային դարձնելուն, այլ դրա վերաբերյալ օրենքի նախագծին հավանություն տալուն, որը դեռևս պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից։

Այլ կերպ ասած՝ քանի դեռ Ազգային ժողովը չի հաստատել այս նախագիծը, «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում որևէ փոփոխություն տեղի ունենալ չի կարող։

Փաստերի ստուգման հարթակ