Շառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 անձ․ Factor.am

Շառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից 21-ը․ Factor.am-ին հայտնեցին Ոստիկանությունից։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասաց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Վերոնշյալ հոդվածը վերաբերում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։ Գաբրիելյանի խոսքով՝ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ կարձակվեն արձանագրություն կազմելուց հետո։ Նշենք, որ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նախատեսված միջոցառմանը։

Նրանք նշել են, որ չեն լքելու փողոցը և շարունակելու են պայքարը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի էին դուրս եկել նաև սեպտեմբերի 16-ին և 17-ին։