ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ քննարկել է հայ գերիներին ազատ արձակելու հարցը

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, գրում է Factor.am-ը։

«Մենք առաջընթացի հույս ունենք՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմում, այնպիսի քայլերում, ինչպիսիք են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելը, պահվող անձանց ազատ արձակումը, հումանիտար ականազերծումն ու քաղաքական հաշտեցումը»,- Twitter-ում գրել է Նուլանդը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, հանդիպման մասին տարածած հաղորդագրությունում ոչինչ չի նշում Մինսկի խմբի գործունեության, ինչպես նաև հայ գերիներին ազատ արձակելու քննարկումների մասին։

«Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի, Ղարաբաղի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրագործման մասին։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն Հայաստանը փոխադարձությամբ չի պատասխանել այդ քայլերին»,- ասվում է ադրբեջանական կողմի տարածած հադորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ զրուցակիցներն ընդգծել են հաղորդակցության ուղիների բացման ու սահմանների դելիմիտացիայի կարևորությունը տարածաշրջանի հետագա խաղաղ զարգացման համար։