Գագիկ Բեգլարյանի փեսայի՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի ունեցվածքն ու բիզնեսները․ FIP.am

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հայտնվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում 2020 թվականին՝ «Մուշ» ընկերությունը ձեռք բերելուց հետո։ Հատկանշական էր, որ Խանդանյանն այդ ընկերությունը ձեռք էր բերել 2․3 միլիոն դոլարով՝ փաստացի չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ։

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է Գագիկ Խանդանյանի ու նրա ընտանիքի ունեցվածքին և բիզնես գործունեությանը։ Բավական ուշագրավ են նաև Խանդանյանի որդու՝ կրկին դատավոր Ռաֆիկ Խանդանյանի ձեռնարկատիրական գործունեությունն ու ունեցվածքը։ Նշենք, որ Ռաֆիկ Խանդանյանը Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է՝ դստեր ամուսինը։ 

Ովքեր են Խանդանյանները

Ինչպես արդեն նշել ենք նախորդ հրապարակման մեջ, Գագիկ Խանդանյանը 1990-ական թվականներից տարբեր պաշտոններ է զբաղեցրել իրավապահ և դատական մարմիններում։ 2016 թ. հունվարին նա նշանակվել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

Ռաֆիկ Խանդանյանը Գագիկ Խանդանյանի ավագ որդին է։ 2013 թվականից նախագահի հրամանագրով նա զբաղեցնում է Վարչական դատարանի դատավորի պաշտոնը։

Բավական հետաքրքիր է նաև Գագիկ Բեգլարյանի և Ռաֆիկ Խանդանյանի պաշտոնների նշանակման ժամանակագրությունը։

Բեգլարյանը տրանսպորտի և կապի նախարար էր նշանակվել 2012 թ․ հունիսին։ Մի քանի ամիս անց՝ նոյեմբերին, Բեգլարյանի դուստրը՝ Նատելլա Բեգլարյանն ու Ռաֆիկ Խանդանյանն ամուսնանում են, որից արդեն 2 ամիս անց՝ 2013 թվականի հունվարին, Ռաֆիկ Խանդանյանը նշանակվում է Վարչական դատարանի դատավորի պաշտոնում։ 

Մինչ դատավորի պաշտոնում նշանակվելը, Ռաֆիկ Խանդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել էր ընդամենը մեկ հայտարարագիր` 2011 թվականին, որում վերջինս հանդես էր գալիս որպես Գագիկ Խանդանյանի հետ համատեղ բնակվող անձ։ Այդ տարի Ռաֆիկ Խանդանյանը հայտարարագրել էր 3 մլն դրամ աշխատավարձ և 2․5 մլն դրամ նվիրատվություն։

Ինչպես արդեն նշեցինք, 2013 թվականին Խանդանյանը նշանակվում է դատավորի պաշտոնում և սկսում ներկայացնել հայտարարագիր՝ որպես պաշտոնատար անձ։ 

Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Ռաֆիկ Խանդանյանը նշել է 50,000 դրամ արժեքով արժեթղթեր, ինչպես նաև 31 մլն դրամ, 70,000 դոլար և 21,000 եվրո կանխիկ գումար։ Հիշեցնենք, որ Ռաֆիկ Խանդանյանն իր 2011 թվականի տարեկան հայտարարագրում նշել էր ընդամենը 3 մլն դրամ աշխատավարձ և 2․5 մլն դրամի նվիրատվություն, և անհասկանալի է, թե ինչպես է կարողացել Ռաֆիկ Խանդանյանը մոտ մեկ տարում այդքան մեծ գումար կուտակել։

Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ Խանդանյանն իր պաշտոնի ստանձնման հայտարարագրում ներկայացրել է 50,000 դրամ արժողությամբ բաժնեմաս, սակայն ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ 2013 թվականին վերջինս որևէ ընկերությունում իրեն պատկանող բաժնեմաս չի ունեցել։

Ռաֆիկ Խանդանյանի կինը՝ Գագիկ Բեգլարյանի դուստր Նատելլա Բեգլարյանը, այդ տարի ոչինչ չէր հայտարարագրել։

Հաջորդող տարիներին Ռաֆիկ Խանդանյանի հայտարարագրերում նշանակալի փոփոխություններ չեն կատարվում, բացի, թերևս, կանխիկ գումարի շարունակական աճից, իսկ կնոջ հայտարարագրերում ոչինչ չի ներկայացվում՝ ո՛չ անշարժ կամ շարժական գույք, ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ եկամուտներ։

2017 թվականին Ռաֆիկ Խանդանյանը ձեռք է բերում 10,000 դրամ արժողությամբ արժեթղթեր, իսկ 2018 թվականին 50,000 դրամ արժեքով արժեթղթեր է ձեռք բերում Նատելլա Բեգլարյանը։ 

2019 թվականից փոխվեց պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման կարգը։ Հիմնական տարբերություններից մեկն այն է, որ եթե մինչ այդ պաշտոնյաներն իրենց ունեցած գույքը հայտարարագրում էին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, իսկ յուրաքանչյուր տարի ներկայացնում միայն հաշվետու տարում ունեցած գործարքները, ապա նոր կարգով յուրաքանչյուր տարի պարտավոր են ներկայացնել ինչպես տարվա ընթացքում իրականացրած գործարքները, այնպես էլ իրենց կողմից տնօրինվող գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։

2019 թվականին Ռաֆիկ Խանդանյանի դրամական միջոցները նվազել են՝ 60 մլն դրամից դառնալով 15․7 մլն դրամ։ Թե ի՞նչ է գնվել այդ գումարով՝ հայտարարագրում չի բացատրվում, սակայն արտարժույթով ունեցած դրամական միջոցները փոփոխության չեն ենթարկվել՝ 70,000 դոլար և 22,000 եվրո։ Ռաֆիկ Խանդանյանը ներկայացրել է նաև 8․6 մլն դրամ աշխատավարձի և 2017 թվականին գնած բաժնեմասի վերաբերյալ հայտարարագիր։

Ռաֆիկ Խանդանյանի կինը՝ Նատելլան, 2019 թվականին հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հյուսիսային Պողոտայում գտնվող մեկ բնակարան և մեկ ավտոտնակ, ինչպես նաև 2019 թվականին 50 մլն դրամով գնված, Կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքի ոչ բնակելի հատված։

Հայտնի չէ, թե որտեղից Նատելլա Բեգլարյանին 50 մլն դրամ, եթե վերջինս իր հայտարարագրերում մինչ այդ ոչինչ չէր ներկայացրել։ Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ նախորդ տարի Բեգլարյանի կողմից ձեռք բերված արժեթղթերը ընկերություններից մեկի 100 տոկոս բաժնեմասն են։

Ռաֆիկ Խանդանյանը նախորդ տարի հայտարարագրել է 25․6 մլն դրամ, 70,000 դոլար, 22,000 եվրո կանխիկ գումար, 9․8 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաև «Արատտա գրուպ» ՍՊԸ-ին տրված 2 մլն դրամ փոխառություն։

Ինչպես արդեն նշեցինք, 2018 թվականին Նատելլա Բեգլարյանը ձեռք էր բերել մի ընկերության 100 տոկոս բաժնեմաս։ Խոսքը «Գրանդ Հաուզ» ՍՊԸ-ի մասին է։ Հայտնի չէ, թե որքան է արժեցել «Գրանդ Հաուզ» ՍՊԸ-ն, սակայն արդեն 2020 թվականին Նատելլա Բեգլարյանն այս ընկերությունից ստացել է 26 մլն դրամ եկամուտ։31․036․442․847․053․560․015․725․670․070․070․070․070․070․070․070․022․022․022․022․022․022․022․022․03․04․85․46․64․46․96․98․69․82․51․52․0Կանխիկ գումար (մլն դրամ)Կանխիկ գումար (hազ․ դոլար)Կանխիկ գումար (hազ․ եվրո)Աշխատավարձ (մլն դրամ)Նվիրատվություն (մլն դրամ)Վարկեր2011201320142015201620172018201920200100200300400500600700

10000 դրամ

Արժեթղթեր

Ռաֆիկ Խանդանյանի հայտարարագրերն ըստ տարիների

Փաստերի ստուգման հարթակ

Աղբյուրը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

10000 դրամ

10000 դրամ

Դատարանը՝ բիզնեսին զուգահեռ

Ինչպես նշեցինք, նախորդ տարի Գագիկ Խանդանյանը ձեռք էր բերել «Մուշ» ՍՊԸ-ն, ինչն էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքով՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի և Դատական օրենսգրքի խախտում է։ Սակայն պարզվում է՝ «Մուշ» ՍՊԸ-ի գնումը Խանդանյանների դեպքում միակը չէ։

Ռաֆիկ Խանդանյանը, դատավոր լինելուն զուգահեռ, 2015 թվականին հիմնադրում է իրավաբանական գործունեություն իրականացնող «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ-ն և մեկ ամիս անց վաճառում այն։ Սակայն վերջինիս տարեկան հայտարարագրում այս մասին ոչինչ չի նշվել։

2017 թվականին Ռաֆիկ Խանդանյանը հիմնել է նոր ընկերություն՝ «Արատտա գրուպ» ՍՊԸ-ն։ Ի տարբերություն «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ-ի, որի վերաբերյալ տվյալները Ռաֆիկ Խանդանյանն իր հայտարարագրում թաքցրել էր, այս ընկերության մասին 2017 թվականի տարեկան հայտարարագրում նա նշել է։ Ի դեպ, նախորդ տարվա հայտարարագրում հենց այս ընկերությանն է Խանդանյանը տվել 2 մլն դրամ փոխառությունը։

Ընկերության գործունեությունն այս պահին ժամանակավորապես դադարեցված է։

Փաստացի, 2015 թվականից Ռաֆիկ Խանդանյանը, լինելով դատավոր, սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

2018 թվականին Խանդանյանների ընտանիքում ձեռնարկատիրական գործունեություն է սկսում ծավալել Ռաֆիկ Խանդանյանի կինը՝ Նատելլա Բեգլարյանը, որը տարեվերջին ձեռք էր բերել «Գրանդ Հաուզ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը։ Ինչպես արդեն նշել ենք՝ հայտնի չէ, թե որքան է վճարել Նատելլա Բեգլարյանը նախադպրոցական կրթության ծառայություն մատուցող այս կազմակերպությունը գնելու համար, սակայն հիշեցնենք, որ մինչ այդ Բեգլարյանն իր հայտարարագրերում չէր ներկայացրել ո՛չ անշարժ գույք, ո՛չ դրամական միջոցներ և ո՛չ բանկային հաշվի մնացորդներ։ Հետևաբար՝ ֆինանսական տեսանկյունից բավական տարօրինակ է այս գործարքը, եթե, իհարկե, «հովանավորը» նրա հայր Գագիկ Բեգլարյանը չէ։ 

Ի դեպ, Նատելլա Բեգլարյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարել է ընդամենը 3 պարտադիր վճարում՝ 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին, ինչը նշանակում է, որ վերջինս գոնե այդ ամիսներին կատարել է վճարովի աշխատանք, որը հայտարարագրերում չի նշվել։ Բացի այս երեք փոխանցումներից, Նատելլա Բեգլարյանի կողմից հիմնադրամին այլ փոխանցումներ երբևէ չեն արվել։ 

Հայտարարագրման նոր կարգի համաձայն՝ հայտարարատու պաշտոնյան պարտավորվում է լրացնել նաև շահերի հայտարարագիր, որը պետք է պարունակի պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի՝ կազմակերպությունում ունեցած մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) վերաբերյալ տեղեկատվությունը։

Սակայն Ռաֆիկ Խանդանյանը շահերի հայտարարագրում չի նշել ո՛չ իր, ո՛չ էլ հոր՝ տարբեր ընկերություններում ունեցած մասնաբաժինների վերաբերյալ տեղեկությունները, չի նշել նաև կնոջ կողմից ձեռք բերված «Գրանդ Հաուզ» ՍՊԸ-ի վերաբերյալ ոչինչ։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ռաֆիկ Խանդանյանը դատավոր լինելու տարիներին ստեղծել է մի շարք ընկերություններ, առերևույթ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ շահերի հայտարարագրերում չի ներկայացրել ինչպես իր, այնպես էլ կնոջ և հոր կողմից ստեղծված կամ գնված ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչը հնարավորություն կտար տեսնել պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի մասնակցությունն այդ ընկերություններում։ 

Փաստերի ստուգման հարթակ