Երևանում ֆուտբոլ խաղացող մեկ երեխան հավասար է ՀՀ մարզում ֆուտբոլ խաղացող մեկ երեխայի

Երևանում ֆուտբոլ խաղացող մեկ երեխան հավասար է ՀՀ մարզում ֆուտբոլ խաղացող մեկ երեխայի․ այս ուղերձն է դրված «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ի «Play it Forward» նախաձեռնության հիմքում։

«Play it Forward»-ը սիրողական ֆուտբոլային ակումբ է և՛ տղաների, և՛ աղջիկների համար։ Երևանում գործող այս ակումբում UEFA–ի կողմից որակավորված մարզիչները բացահայտում են սաների տաղանդները, մարզում և զարգացնում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են առաջնորդությունը, հավասարությունը, թիմային խաղը, խտրականության բացառումը և այլն։ Ակումբը բաց է 6-16 տարեկան բոլոր երեխաների համար՝ անկախ սեռից, ֆիզիկական կարողություններից և կազմվածքից։

Երևանում ակումբ հաճախող երեխաների վճարած վարձերի օգնությամբ «GOALS»-ի՝ ՀՀ մարզերում գործող ակումբներում երեխաները մարզվում են անվճար՝ հնարավորություն ունենալով զբաղվել սիրելի մարզաձևով, վարել առողջ ապրելակերպ և ստանալ անձի զարգացմանն ուղղված մի շարք հմտություններ։ 

Այժմ ՀՀ 8 մարզերում գործում են 80 ակումբներ, որոնցում ներգրավված են ոչ միայն շուրջ 1000 մարզաբնակ, այլև 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված ընտանիքների երեխաներ։

Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ մարզադահլիճում կանցկացվի բաց դռների օր, որի ընթացքում բոլոր ցանկացողները կարող են հետևել ակումբի սաների մարզումներին, դառնալ դրանց մասնակիցը, ծանոթանալ նախաձեռնության նպատակներին ու անդամակցության պայմաններին։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև մի խումբ հայտնիներ, ովքեր ևս իրենց երեխաների հետ միացել են նախաձեռնությանը։