Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հռոմ

 ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Իտալիա: Այս մասին Հռոմից տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ նշելով, որ պատվիրակության կազմում են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Նախագահ Սարգսյանի պետական այցի հանդիպումների օրակարգը մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին։ Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալի պալատում, նախատեսված է նախագահներ Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն` ընդլայնված կազմով:

Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Այցի շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ:

Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետի հետ:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Հռոմի Լևոնյան վարժարանում, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը նույնպես նախագահ Սարգսյանի պետական այցի օրակարգում են: Հռոմի Լա Սապիենցա համալսարանում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայագիտություն ամբիոնի վերաբացման արարողությունը, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա Բոլոնիայի համալսարանում:

Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:

Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա: