Կորոնավիրուսային վարակի դեմ տարվող պայքարի նոր մարտահրավերներին դիմակայելու համար Նարեկ Վանեսյանը 12 առաջարկ է ներկայացրել կառավարությանը

Ազգային բժշկական պալատի նախագահ, կորոնավիրուսով պայմանավորված Երևանի կարանտինի նախկին համակարգող Նարեկ Վանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երկար ժամանակ պլանավորել էի կորոնավիրուսային վարակի դեմ տարվող պայքարի նոր մարտահրավերների ու դրանց կազմակերպման անհրաժեշտության մասին գործողությունների պլան գրել։ Բոլորս հասկանում ենք, որ կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը և հետևանքները անդառնալի նշանակություն ունեն և դեռ ունենալու են մեր իրականության վրա։

Միևնույն ժամանակ առողջապահական համակարգում առկա կոլապսի և դրա համար կառավարությունից հատկացվող հավելյալ ֆինանսական միջոցների անհրաժեշտության հանգամանքը շատ հնարավոր է երկար ժամանակ չդադարի։

Փաստացի մեր երկրի առողջապահության ոլորտին վերաբերվող օրենսդրությամբ՝ իմունականխարգելման ծրագրի իրականացումը, տվյալ պարագայում կովիդի կանխարգելման համար անհրաժեշտ պատվաստումների, ինչպես նաև քաղաքացիներին ուղղված բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի ստեղծման և իրականացման միակ պատասխանատուն ՀՀ առողջապահության նախարարությունն է։ Որպես առողջապահության կազմակերպիչ, կարծում եմ, որ այս ժամանակահատվածում իրականացվող գործողությունների պլանը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը՝ մի կողմ դնելով բոլոր հակասություններ, հակակրանքները և առողջապահական համակարգի զարգացման մասին թվացյալ իրական ու ոչ իրական զարգացման տեսլական ունեցող մեր գործընկերների տարակարծությունները՝

1. ՀՀ կառավարության որոշմամբ կամ վարչապետի որոշմամբ պետք է ստեղծվի կորոնավիրուսային վարակի կանխարգելման և բուժման միջգերատեսչական ժամանակավոր մարմին, որի մեջ մասնագիտական, բուհական, առողջապահական նպատակային ծրագրերն իրականացնող պետական իրավասու պաշտոնյաներից և օրենսդիր իշխանության առողջապահության հանձնաժողովի կոմպետենտ անձանցից բացի, կներառվեն նաև իրավական համակարգի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ առողջապահական մասնագիտական ասոցիացիաներից, ովքեր կովիդի դեմ տարվող պայքարի սկզբից կովիդի հետ որևէ կերպով առնչվել են կամ առնչվում են հիմա։ Կարծում եմ, որ այդ մարմինը պետք է ղեկավարի վարչապետը կամ փոխվարչապետերից մեկը, կամ պետական համակարգի վրա ազդեցություն ունեցող մեկ այլ պաշտոնյա։

2. ՀՀ առողջապահության նախարարությունը պետական առողջապահական գործակալության և նախարարության աշխատակազմի ֆինանսական վարչության միջոցով պետք է հաշվարկի, չնայած կարծում եմ, որ առկա է նման հաշվարկ, կովիդի բուժման մեկ քեյսի իրական արժեքը, որի մեջ ներառված կլինեն նաև խիստ անհրաժեշտության դեպքում առկա բոլոր այն դեղամիջոցները, որոնք երբեմն հիվանդանոցները ստիպված ուզում են պացիենտի հարազատներից։

3. Պատվաստված քաղաքացիների պատվաստումից հետո կովիդ վարակվելու արդյունքում բուժումները, անկախ սոցիալական խմբից, պետք է իրականացվեն պետական նպատակային ծրագրերի շրջանակում և բացառապես անվճար՝ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։

4. Չպատվաստված քաղաքացիների համար Էլեկտրոնային առողջապահական ազգային օպերատորի Արմեդ համակարգում անհրաժեշտ է ավելացնել Կովիդից պատվաստվելու հրաժարվելու վերաբերյալ նշում և նրանց կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում բուժումը պետք է իրականացվի նրանց անձնական միջոցների հաշվին կամ մի գուցե ապահովագրված լինելու դեպքում ապահովագրական հատուցումների հաշվին։ Հատուկ ուզում եմ նշել, որ անկախ կովիդի բուժման համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրի՝ թե՛ պետական պատվերի, թե՛ քաղաքացու վճարման, և թե՛ ապահովագրական հատուցման դեպքում, մեկ միավորի արժեքը չպետք է գերազանցի նախապես հաշվարկված մեկ քեյսի բուժման համար անհրաժեշտ գումարը։

5. Կարծում եմ, որ պետությունը, որպես սոցիալական պատասխանատվության հանգամանք, պետք է իր վրա վերցնի չպատվաստվելու հանգամանքով պայմանավորված ամսական երկու անգամ մեր համաքաղաքացիների նմուշառման ողջ ֆինանսական պարտավորությունը, որի մասով նշեմ, որ եթե ամսական երկու անգամ մեր այդ քաղաքացիները պետության հաշվին նմուշառվեն, ապա ստացված արժեքի տարեկան հանրագումարը չի կարող գերազանցել կովիդ հիվանդանալու դեպքում մեկ քեյսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին, ինչի համար հիմք եմ ընդունում կովիդի թեստավորման համար առկա շուկայական միջին արժեքը ։

6. Բոլոր կովիդ բուժող հիվանդանոցները, որոնք մինչ այդ եղել են բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ, պետք է ետ ծավալվեն, սակայն պետք է թույլ տալ ունենալու կովիդ բաժանմունքներ, բայց միևնույն ժամանակ սպասարկել կովիդով չպայմանավորված և իր լիցենզիայի պայմաններին համապատասխան նաև այլ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին. որովհետև եթե մինչև տարեվերջ այդ կովիդ հիվանդանոցները ետ չծավալվեն, ապա ունենալու են կովիդ չբուժող նեղ մասնագետների արտահոսք դեպի այլ հիվանդանոցներ, չեն կարողանալու կատարել պետական պատվերի պայմանագրով կովիդի ծրագրից դուրս ստանձնած պարտավորությունները և ցանկացած ավելի ուշ իրավիճակում ետ ծավալվելն ունենալու է անդառնալի հետևանքներ՝ ֆինանսական միջոցների կտրուկ անկում, բժշկական օգնության և սպասարկման ծավալների շեշտակի նվազում…

7. ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման պետական գործակալության միջոցով անհրաժեշտ է փոփոխություն կատարել լիցենզավորման մասին ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի 1936-Ն որոշման մեջ՝ հստակ սահմանելով կովիդ բուժող կազմակերպություններին ներկայացվող ամբողջական պահանջները, այդ թվում ըստ կովիդ հիվանդության ծանրության աստիճանով պայմանավորված բուժման, ըստ մասնագետների և անհրաժեշտ սարքավորումների պահանջի՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մակարդակավորելով նրանց։ Մեր բոլոր քաղաքացիները կատարվող փոփոխություններից հետո պետք ունենան ցանկացած միանման մակարդակի հիվանդանոցում միատեսակ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հավասար իրավունք և այս կերպ բոլոր հիվանդանոցները կկարողանան կովիդ բուժող բաժանմունքներ բացել և ունենալ ու այս փոփոխությամբ կովիդը կդառնա բոլոր հիվանդանոցներում բուժվող հիվանդություն։ Իսկ հիվանդանոցի տվյալ մակարդակ բուժման կարող է ուղղել այսօրվա գործող տրիաժի ստորաբաժանումը։

8. Այս տարվա հոկտեմբերի 15-ից սկսած ՀՀ կառավարության առընթեր բոլոր տեսչական մարմիններին անհրաժեշտ է Էլեկտրոնային առողջապահական ազգային օպերատորի Արմեդ համակարգ մուտքի հնարավորություն տրվի և հատուկ ֆիլտրի միջոցով առաջին փուլում ստուգվի իրավաբանական անձանց բոլոր աշխատակիցների պատվաստված լինելու, պատվաստումից հրաժարվածի կարգավիճակ ունենալու կամ բացառությունների դեպքում հակացուցում ունենալու հանգամանքը։

Նշեմ, որ ֆիլտրով պետք է այդ կազմակերպություններին հասանելի լինի միայն պատվաստման հանգամանքի մասին տեղեկատվությունը։ Մեծածավալ չպատվաստված աշխատակիցներ ունեցող հիմնարկությունների մասին տեղեկատվությունը պետք է փոխանցել կորոնավիրուսային վարակի կանխարգելման և բուժման միջգերատեսչական ժամանակավոր մարմնին։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ստուգել ֆիքսված օրվանից հետո նոր աշխատանքի ընդունվող քաղաքացիների պատվաստված լինելու հանգամանքը. այն է, աշխատանքի ընդունվելիս գործատուին իր աշխատանքի ընդունվելու ժամանակ առողջական վիճակի մասին տեղեկանք ներկայացնելիս, ինչի արդյունքում աշխատանքային պայմանագրեր կարծում եմ պետք է կնքել բացառապես պատվաստված կամ հակացուցում ունեցող քաղաքացիների հետ, որը կնշվի պոլիկլինիկայի կողմից տրված տեղեկանքում, ինչը կարելի է ամրագրել, որպես աշխատողին ներկայացվող պարտադիր պահանջ։

9. ԵՊԲՀ և ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի գործընկերներին կորոնավիրուսային վարակի կանխարգելման և բուժման միջգերատեսչական ժամանակավոր մարմինը պետք է գործուղի բոլոր այն մեծաքանակ աշխատակիցներ ունեցող կազմակերպություններ բացատրական աշխատանքներ անելու, որտեղ մերժվում է պատվաստված լինելու գործընթացը։

Միևնույն ժամանակ առողջապահական երկու կրթական հաստատությունները պետք է ներքին քննարկումների համար հարթակ տրամադրեն կովիդի պատվաստման գործընթացին կողմ արտահայտվող նեղ մասնագետների և պատվաստմանը դեմ արտահատվող նեղ մասնագետների համար՝ պահանջելով յուրաքանչյուրի կողմից ներկայացվող ենթադրությունների կամ հրապարակումների համար ապացուցողական բժշկությամբ ամրագրված հիմքեր, անհրաժեշտության դեպքում հարցում կատարելով հավելյալ տեղեկատվություն ճշտել նաև տվյալ պատվաստանյութն արտադրող ընկերություններից կամ այդ պատվաստանյութերի անվտանգությունն ու մարդու օրգանիզմի վրա ազդեցությունը գնահատող միջազգային հեղինակավոր մարմիններից։ Հակառակ դեպքում բուհական տանիքի տակ երբեմն այս կամ այն գիտական կոչման կրմամբ թաքնվում են գործընկերներ, որոնք ակտիվորեն իրականացնում են հակապատվաստումային քաղաքականություն։

Քննարկումների արդյունքում չհիմնավորված և պատվաստման գործընթացը խաթարող մասնագետների մասին տեղեկատվությունը պետք է տրամադրվի կորոնավիրուսային վարակի կանխարգելման և բուժման միջգերատեսչական ժամանակավոր մարմնին՝ ժամանակավորապես նրանց հանրային կամ ԶԼՄ այս կամ այն միջոցով կարծիք արտահայտելը օրենքով սահմանված կարգով սահմանափակելու նպատակով։

10. ԵՊԲՀ և ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի ուսանողների այս տարվա արտադրական պրակտիկաները կարծում եմ ճիշտ կլինի կազմակերպել այդ ուսանողներից յուրաքանչյուրին կցելով իրենց իսկ բանակավայր համարվող տարածքի պոլիկլինիկաներին, որպեսզի որպես թարմ ու նոր գիտելիքներով հարուստ երիտասարդ կադրեր հանդիպումներ ունենան պատվաստվել չցանկացող քաղաքացիների հետ, բացատրեն և ճիշտ կազմակերպված քարոզչության արդյունքում մեր հայրենակիցներին ուղղորդեն պատվաստվելու։ Իմունականխարգելման գործընթացի մասին ապագա բժիշկների գիտակցական և կրթական մակարդակի ողջ պատասխանատվությունը բուհական սեկտորի վրա է։

11. Կովիդ հիվանդանոցներում աշխատող բուժաշխատողները և ԱԱՊ օղակի պատվաստման գործընթացում ներգրավված բուժաշխատողները պետք է լինեն բացառապես պատվաստված, կամ հստակ հակացուցումներ ունենան։ Չեն վստահի և չի կարելի վստահել այն բուժաշխատողին, որը չունի կովիդի պատվաստում, բայց փորձում է իրականացնել իմունականխարգելման ազգային ծրագրի իր առջև դրված խնդիրները, կամ հիվանդանոցում պայքարում է կովիդով հիվանդ անձի կյանքի համար։ Այս գործընթացի վերահսկման ուղիղ պատասախանատուն ՀՀ առողջապահության նախարարությունն է և նաև ՀՀ առողջապահության նախարարի հատոկ հրամանով կովիդ բուժող հիվանդանոցների կամ բժշկական կազմակերպությունների ղեկավարները, ում ենթակայության տակ աշխատում են վերոնշյալ մեր գործընկերները։

12. ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, դատախազության ներկայացուցիչները պետք է կորոնավիրուսային վարակի կանխարգելման և բուժման միջգերատեսչական ժամանակավոր մարմնից կամ տեսչական մարմիններից ստացված տեղեկատվության վերաբերյալ իրավական գործընթացներ սկսեն և իրավական գնահատականներ տան անձանց, նրանց հակապատվաստումային արարքներին կամ կովիդի դեմ տարվող պայքարում քրեորեն հետապնդելի արարքներին։

13. Կարծում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ստեղծի օրինապահ քաղաքացու աստիճանակարգ և հատուկ միջոցներով խրախուսի մեր այդ քաղաքացիներին՝ կրթական, հարկային, վարկային և այլ մոտիվացիոն արտոնությունների միջոցներով»։