Անահիտ Ավանեսյանն ու Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացին և պատվաստանյութերի ձեռքբերմանն առնչվող մանրամասների

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Ողջունելով դեսպանին՝ առողջապահության նախարարը բարձր է գնահատել տարիների ընթացքում առողջապահական ոլորտում ձևավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դեսպանի առաքելությունը Հայաստանում ավելի կխորացնի երկկողմ գործակցությունը:

«Հումանիտար օգնության, մասնագիտական փորձի փոխանակման և այլ ոլորտներում հայ և ֆրանսիացի բժիշկների կապը մշտական է: Անելու ենք ամեն բան առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները հումանիտար օգնության ուղղությունից մասնագիտական համագործակցության ոլորտ տեղափոխելու համար»,-ասել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Անն Լույոն նշել է, որ առողջապահությունը հայ-ֆրանսիական երկկողմ գործակցության կարևորագույն ոլորտներից է: Առողջապահական մարտահրավերներին դիմակայելու հարցում կողմերը կարևորել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների շարունակական կապը:

Անահիտ Ավանեսյանը շեշտել է ֆրանսիական «Santé Arménie» («Առողջապահություն Հայաստան») կենտրոնի հետ համագործակցությունը, որի բժիշկների թիմը համակարգում է ոլորտի մի շարք ուղղություններ: Նախարարն ընդգծել է նաև Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում, պատերազմի ընթացքում և հետպատերազմական իրավիճակում` վիրավոր զինվորների բուժօգնությունը կազմակերպելու հարցում:

Զրուցակիցները քննարկել են մասնագետների վերապատրաստումների կազմակերպման հարցերը, հստակեցրել ոլորտային համագործակցության հիմնական ուղղությունները։

Հանդիպմանը անդրադարձել է եղել նաև Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացին և պատվաստանյութերի ձեռքբերմանն առնչվող մանրամասներին: