Standard&Poors-ն առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանը եւ շնորհել սուվերեն վարկանիշ «դրական» հեռանկարով

«Standard&Poors» վարկանշային գործակալությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը եւ շնորհել արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: Միեւնույն ժամանակ, արտարժույթով եւ ազգային արժույթով կարճաժամկետ սուվերեն վարկավորման համար շնորհվել է «B» վարկանիշ, իսկ փոխանցման եւ փոխարկելիության ռիսկը գնահատվել է «BB-»:

Այդ մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։

Գործակալության դիտարկմամբ` «դրական» հեռանկարն արտացոլում է առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական արագ ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ արտաքին լծակների` սպասվածից ավելի արագ կրճատումը եւ հարկաբյուջետային կատարողականի ավելի մեծ ներուժը:

Հրապարակման մեջ նշվում է նաեւ, որ ՀՀ սուվերեն վարկանիշը ենթակա է բարելավման առաջիկա տասներկու ամիսների ընթացքում, եթե երկիրը պահպանի իր հզոր տնտեսական ցուցանիշներն առանց արտաքին կամ համավարակի հետ կապված մարտահրավերների, որոնք վատթարացնում են միջնաժամկետ աճի հեռանկարները՝ կայուն կառուցվածքային բարեփոխումներին զուգընթաց: Վարկանիշի բարձրացմանը կարող է նպաստել նաեւ արտաքին պարտքի՝ սպասվածից ավելի մեծ կրճատումը: