Ինդոնեզիայում գտել են սատկած կետ՝ ստամոքսում 6 կգ պլաստիկե բաժակներ, շշեր, պոլիէթիլենե տոպրակներ և հողաթափեր

Ինդոնեզիայի Սուլավեսի նահանգի հարավ-արևելքումՎակատոբի ազգային պարկի տարածքում հայտնաբերել են սատկած կետ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Փորձագետներին չի հաջողվել պարզել մահվան ստույգ պատճառը, սակայն կետի ստամոքսում գտել են 6 կգ աղբ, որոնց մեջ՝ 115 պլաստիկե բաժակներ, 4 պլաստիկե շիշ, 25 պոլիէթիլենային տոպրակներ, 2 հողաթափ և 100 այլ պլաստիկե իրեր:

«Մեզ չհաջողվեց պարզել մահվան ստույգ պատճառը, բայց այն, ինչ մենք տեսանք, սարսափելի էր»,- նշել է Ինդոնեզիայում ծովային տեսակների պահպանման գծով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) նախագծերի համակարգող Դվի Սուպրապտին: Նա նաև բացատրել է, որ մահվան ստույգ պատճառը պարզելն անհնար է, քանի որ լեշն արդեն քայքայման փուլում էր, երբ գտել են:

Այս տարվա հունվարին Science հանդեսում հրապարակված ուսումնասիրությունների համաձայն՝ Ինդոնեզիան Չինաստանից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը շրջակա միջավայրը պլաստիկով աղտոտելու քանակով: Տարեկան պլաստիկե մնացուկների ծավալը կազմում է ավելի քան 3,2 մլն տոննա, որից 1,29 միլիոն տոննան թափվում է օվկիանոս: