Եվրամիության դեսպանը ՀՀ իշխանություններին. «Կատարեք տնային աշխատանքը»

Եվրամիության դեսպանը ՀՀ իշխանություններին. «Կատարեք տնային աշխատանքը»
Եվրամիության դեսպանը ՀՀ իշխանություններին. «Կատարեք տնային աշխատանքը»

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները արդյունավետ զարգանում են: Մոտ ապագայում Հայաստան կայցելի Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչՖեդերիկա Մոգերինին և կազդարարի ԵՄ պատրաստակամությունը՝ Երևանի հետ ձևավորելու արդյունավետ հարաբերություններ: Այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին, ում ասուլիսը «Մեդիա կենտրոնում» կազմակերպել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակըՀանրային լրագրության ակումբի հետ համատեղ:

Որոշակի դադարից հետո կողմերը սկսեցին քննարկումներ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու համար, որը պետք է հաշվի առներ նոր իրողությունները: Այն է՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և այդ անդամակցությունից բխող պարտավորությունները: Ըստ այդմ՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը, ինչպես հայտնում են Հայաստանի և Եվրամիության ներկայացուցիչները, պետք է հիմնված լինի նախկինում բանակցված Ասոցիացիայի համաձայնագրի վրա: Արդեն փետրվարի 15-ին Հայաստանի և Եվրամիության պատվիրակությունները կքննարկեն նոր ձևավորվելիք համաձայնագրի՝ Առևտրի և ներդրումների բաժինը:
 
Կան բարդ խնդիրներ և մարտահարավերներ
 
Թեպետ վերամեկնարկած բանակցություններում, ըստ դեսպանի, կան բարդ խնդիրներ և մարտահրավերներ, սակայն նա հույս ունի, որ քննարկումները հարթ ընթացք կունենան: «Հուսով եմ բանակցությունները կանցկացվեն հարթ և ճանապարհի վերջին կհասնենք փոխադարձ ընդունելի լուծման», – հայտարարեց
Սվիտալսկին՝ հավելելով, որ Հայաստանի հետ նոր շրջանակային համաձայանգրի բանակցությունները պետք է դիտարկել ԵՄ Հարևանության քաղաքականության վերանայման համատեքստում:
 
Բանակցվող համաձայնագրում պետք է պարփակվի Հայաստան-ԵՄ համագործակցության ողջ քաղաքական օրակարգը տարաբնույթ ուղղություններով: Ըստ դեսպանի՝ այս գործընթացում Եվրամիությունը հետամուտ է այն ռազմավարական նպատակին, որ պետությունը կարող է այլ ինտեգրացիոն հարթակների՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի մաս կազմել, միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպական Միության հետ:
 
«Հուսով ենք, որ բանակցված (Ասոցիացիայի) համաձայանգրի քաղաքական մասը, որը վերաբերում է արժեքներին, արդարադատությանը, օրենքի գերակայությանը և անվտանգության ոլորտում համագործակցությանը կընդունվի առանց փոփոխության», – ասաց նա:
 
Ասոցիացիայի համաձայնագրի այլ դրույթներ, որոնք հատկապես վերաբերում են ազատ առևտրի հարցերին, պետք է փոխվեն, քանի որ Հայաստանն այլևս այլ մաքսային տարածքի և տնտեսական միության մաս է: «Նոր իրողությունների պայամաններում հնարավոր չէ շուկաները փոխադարձ բացել, սակայն մենք հուսով ենք, որոնք կդյուրացվի ԵՄ ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելը և կակտիվացնի առևտուրը», – պարզաբանեց դիվանագետը՝ հավելելով, որ նոր շրջանակային համաձայանգիրը «համագործակցության հատակն է, ոչ թե առաստաղը»:  
 
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն դոնորն է, արտաքին առևտրի խոշորագույն գործընկերն ու ներդրողը: «Տարեկան մենք հիսուն միլիոն դոլար ենք ծախսում ի շահ ՀՀ քաղաքացիների», – ասաց նա:
 
«Որևէ ճեղքվածք չի առաջանա»
 
Թեպետ ավարտվել է Եվրոպայի հարևանության քաղաքականության գործողությունների 2014-2015 ծրագիրը և նոր վերանայված Հարևանության քաղաքականության գերակայությունները հստակեցվում են, սակայն դեսպանը վստահ է, որ Հայասատանի հետ հարաբերություններում «որևէ ճեղքվածք չի առաջանա»:  

«Երբ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջ ընթանանք, մենք կկարողանանք մշակել հարաբերությունների հարուստ և կառուցողական օրակարգ», – ասաց նա՝ հավելելով, որ տարածաշրջանային պետությունների հետ Եվրամիության հարաբերություններում գերիշխելու է տարբերակված մոտեցման սկզբունքը: Հաշվի են առնվելու յուրաքանչյուր գործընկեր երկրի կարիքներն առանձին-առանձին:

Չնայած Արևելյան գործընկերության մասնակից պետությունների նկատմամբ Եվրամիության մոտեցման տարբերակման, որոշակի հարցերում անհրաժեշտ է ընդհանրական մոտեցում ցուցաբերել: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա: Մենք շատ լրջորեն ենք վերաբերում այս հայտարարությանը», – ասաց դիվանագետը՝ այս համատեքստում խոսելով առկա խնդիրների մասին:
 
«Դուք ինձանից լավ գիտեք, թե որտեղ են խնդիրները Հայաստանում: Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակվեց Սահամանդրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը: Այո, ընտրական գործընթացներն Հայաստանում բարելավման կարիք ունեն: Զեկույցը դրա հերթական ապացույցն է: Լրջորեն վերաբերվեք դրան և տնային աշխատանքը կատարեք: Հայաստանի ժողովուրդը և Հայաստան պետությունը կշահեն, եթե այդ քննադատական մեկնաբանություններն ի կատար ածվեն: Այստեղ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ աջակցությունը: Եվրոպական միությունը չի փոձում ինչ-որ բան թելադրել Հայաստանին», – նշեց դեսպանը:
 
Թույլ կետերը
 
Ընտրական գործընթացնրի բարելավման խնդիրը Պյոտոր Սվիտալսկին կարևորում է հատկապես առաջիկա 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, քանի որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի:
 
«Դա առաջին համապետական ընտրություններն են, որը կանցկացվի նոր Սահամանդարության պայամաններում: Որոշ առումով սա նախադեպ է ստեղծելու, և մենք հուսով ենք, որ այն լավ նախադեպ կլինի: Այստեղ կարևոր է երկու հանգամանք՝ ՀՀ քաղաքացիների վստահությունն ընտրական համակարգի, դեմոկրատական ինստիտուտների լեգիտիմության նկատմամբ և Հայաստանի միջազգային հեղինակությունը: Եթե ընտրություններն անցկացվում են այնպես, որ կասկածներ են ծագում, ապա ոչ քաղաքացիներն են կարողանում սեփական պետական ինստիտուտներին և ընտրական գործընթացներին վստահել, ոչ էլ այն կնպաստի երկրի միջազգային հեղինակությանը, որպեսզի ներդրումներ բերվեն Հայաստան, և առևտուրն ակտիվանա: Ուստի ուշադիր դիտարկեք ԺՀՄԻԳ-ի զեկույցը, քանի որ այնտեղ նշված են թույլ կետերը», – ասաց դեսպանը:
 
Իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկումներում դեսպանը պարզել է, որ խնդիրների ախտորոշման հարցում առկա է ընդհանուր մոտեցում:
 
«Ընտրական գործընթացի առաջին թույլ կետերը, որոնք նշվում են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում, ընտրողների ռեգիստրն է, քվեարկության գործընթացը, քվեների հաշվարկը և արդյունքների ամփոփումը: ԺՀՄԻԳ-ի թիմը տեսավ, թե որոշ քվեներ ինչպես զրոյացվեցին սովորական կարգին հակառակ: Մի բան սխալ է, որ եթե անգամ դիտորդների ներկայությունը չի կանխում վատ պրակտիկան», – ասաց նա:
 
Խնդրի լուծումը դեսպանը տեսնում է համատեղ աշխատանքի մեջ: «Ուստի մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, կառավարությանը և ընդդիմությանը ներգրավվելու երկխոսութայն մեջ՝ ընդունելու նոր ընտրական օրենսգիրք ներառական գործընթացով: Եվ լրջորեն անդրադառնալ նշված թույլ կետերին: Առանց դրանք հաղթահարելու միշտ կլինի կասկածի մթնոլորտ, վստահության պակաս, հակասականություն, և ՀՀ միջազգային հեղինակությունը դրանից միշտ կտուժի: Իսկ ես կարծում եմ, որ հայերը պետք է կարևորեն իրենց երկրի միջազգային հեղինակությունը», – եզրափակեց դեսպան Պյոտոր Սվիտալսկին:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

http://www.youtube.com/watch?v=C2vz6EBsT0Y