Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են լրացուցիչ 11 միլիարդ խմ բնական գազի մատակարարման շուրջ

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման շուրջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նրա փոխանցմամբ՝ համաձայնագիրը գործելու է մինչև 2024 թվականի վերջ:

«Բնական գազի պահանջարկը բավարարելու շուրջ բանակցությունները, որոնք ձմռանը մոտենալուն զուգահեռ կաճեն, լավ են ընթանում: Փաստորեն, գազ արտահանող երկրների իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիային կապույտ վառելիքի մատակարարումը կավելանա:

Այդ իրադարձությունների շրջանակում մենք Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրեցինք Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով լրացուցիչ ծավալների մատակարարման մասին մինչև 2024 թվականը. խոսքը 11 միլիարդ խորանարդ մետրի մասին է »,- ասել է Դոնմեզը: