«Ուզում են շռնդալից հաղթանակի վրա ստվեր նետել». Փաստաբանի փոխանցմամբ՝ «Առուշ Առուշանյանի» կողմնակիցներին կանչում են հարցաքննության

Առավոտվանից մինչև այս պահը 31 անձ է հարցաքննվել, որոնք եղել են «Առուշ Առուշանյան» դաշիքնի շտաբի անդամներ, համախոհներ: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Նա ասաց, որ այս պահին ինքը Քննչական կոմիտեի Գորիսի բաժանմունքում է և քրեական գործը, որի շրջանակներում հարցաքննվում են դաշինքի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած անձինք, վերաբերում է Առուշանյանի հոր՝ Գագիկ Առուշանյանի կողմից ընտրակաշառքի բաժանմանը:

«Բոլորին կանչում են հարցաքննության իբրև թե Գագիկ Առուշանյանի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի համար: Սա ուղղակի տեռոր է, այս ձևով ուզում են շռնդալից հաղթանակի վրա ստվեր նետել: Պատկերացրեք՝ Առուշանյանի հորեղբոր որդիներին կանչում են, իբրև թե իրենց հորղեբայրը ընտրակաշառք է տվել իրենց, որ Առուշանյանին ձայն տան: Տրամաբանության հատիկը տեսնո՞ւմ եք դուք», -«Մեդիալաբին» ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ ընտրակաշառք ստանալու մասին օպերատիվ տեղեկության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Գորիսի քաղաքապետի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, որևէ կարգավիճակ այս պահի դրությամբ չունի:

«Բա ո՞ւր են էդ կաշառք վերցրածները, թող գան հաղորդում տան, ինչո՞ւ չեն գալիս, չէ որ կաշառք վերցնելն է հանցագործություն, թող գան տեսնենք՝ ում են կաշառք տվել: Կամ ինչո՞ւ են կաշառք տալիս, ո՞վ ուներ կաշառք բաժանելու անհրաժեշտություն», -նկատեց փաստաբանը:

Նշենք, որ Գորիսում հոկտեմբերի 17-ին կայացած ավագանու ընտրություններում հաղթել է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Ձայների մեծամասնությամբ՝ դաշինքը ստացել է 6269 ձայն կամ 60,28%-ը։ «Առուշ Առուշանյան» դաշինքի հիմնական մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 3568 մարդ կամ 34,3%-ը։ Երրորդ ուժը՝ «Հայ ազգային կոնգրեսը», ստացել է 282 ձայն, կամ՝ 2,7%-ը։

MediaLab.am