Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքները շարունակվում են

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն անունը կրող նոր կամրջի շինարարության աշխատանքները շարունակվում են․ այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

«Այս պահին կապալառու կազմակերպության՝ իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կատարվում են բետոնացման և ամրանավորման աշխատանքներ:

Ակտիվ փուլում է գտնվում նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը, որոնք օգտագործվում են շինարարության ընթացքում: Կատարված աշխատանքների ամրությունը և որակը ստուգվում է մանրամասն նախագծով սահմանված միջազգային ստանդարտներին համապատասխանության թեստերով:

Հիշեցնենք, որ նոր կամրջի կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։

Հայ-վրացական համատեղ ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։ Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը»,- ասված է հաղորդագրությունում։