Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի գրավյալ Վարանդա (Ֆիզուլի)։ Թուրքիայի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Վարանդայի նորակառույց օդանավակայանում, որտեղ Էրդողանին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այս մասին հայտնում է factor.am-ը:
Երկու երկրների նախագահները կտրել են կարմիր ժապավենն ու պաշտոնապես բացել օդանավակայանը։
Նրանք նաև ծանոթացել են այնտեղ ստեղծված պայմաններին։ Էրդողանը, ի դեպ, բավական ներկայացուցչական կազմով է ժամանել․ նրան ուղեկցում են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը, տրասպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն։
Հավելենք, որ Արցախի գրավյալ Կովսականում Ալիևն ու Էրդողանը մասնակցելու են «Խելացի ագրոպարկի» հիմնարկեքին, որը կառուցվելու է Թուրքիայի աջակցությամբ։
Այցի ընթացքում քննարկվելու են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների բոլոր ասպետկտներն ու դիտարկվելու են համագործակցությունը խորացնելուն ուղղված քայլերը։
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակելու տարածաշրջանային և միջազգային ընթացիկ հարցերի շուրջ։