Աջափնյակի «զինված բանդաների» առեղծվածը․ քաղաքապետի հայտարարությունների հետքերով․ FIP.am

2021 թվականի հունիսի 22-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով քաղաքում ապօրինի շինարարությանը, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում հանցավոր խմբեր են գործում և դրանցում ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ դատական և պետական տարբեր համակարգերից, ինչպես նաև թաղային հեղինակություններ։ 

«․․Այնտեղ գործում են հանցավոր խմբեր, սա ինչ-որ մարդիկ չեն։ […] Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք»,- ասել էր քաղաքապետը։

Քաղաքապետը նաև դեպք էր պատմել, երբ քաղաքապետարանի 8 աշխատակիցներին ու 3 ոստիկաններին չէր հաջողվել կանխել ապօրինի կրպակի տեղադրումը, որովհետև գործընթացը վերահսկել էին մահակներով և դանակներով զինված ու ոչ սթափ վիճակում գտնվող 40-50 անձինք։ Քաղաքապետը նաև կարծիք էր հայտնել, որ եթե այդ օրը քաղաքապետարանի աշխատակիցները գիտակցված կանգ չառնեին, շատ հավանական է մարդասպանություն տեղի ունենար։

Մարությանի փոխանցմամբ՝ այս առիթով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը  դիմել էր իրավապահ մարմիններին։

«Նամակներ են ուղարկվել և՛ ՀՀ գլխավոր դատախազին, և՛ ԱԱԾ տնօրենին, և՛ ոստիկանապետին։ Իմիջիայլոց, նամակները ուղարկվել են վարչական շրջանի ղեկավարի կողմից, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում»,- հայտարարել էր Մարությանը։

Հաջորդ իսկ օրը՝ հունիսի 23-ին, գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ գործն ուղարկվել է Մաշտոցի բաժին, և ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ այս հայտարարությունների հետքերով և պարզել, թե ինչ փուլում է Աջափնյակի «զինված բանդաների» գործը իրավապահ մարմիններում։

Հարուցված քրեական գործ չկա, իսկ իրավապահները նամակներ չեն ստացել

Աջափնյակում ապօրինի կառուցապատում իրականացնող հանցավոր և զինված «բանդաների» մասին քաղաքապետ Մարությանի հայտարարությունից ավելի քան 4 ամիս է անցել, սակայն դեռևս որևէ քրեական գործ իրավապահ մարմիններում հարուցված չէ։ Այս մասին տեղեկանում ենք իրավապահ մարմիններ ուղարկված հարցումների պատասխաններից:

Մասնավորապես, FIP.am-ը հարցումներ էր ուղարկել դատախազություն, Քննչական կոմիտե, ԱԱԾ և ոստիկանություն։ Դատախազությունից վերահաստատեցին, որ գործը ուղարկվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, Քննչական կոմիտեից ասացին, որ գործն իրենց մոտ չէ, իսկ ԱԱԾ-ից հայտնեցին, որ Աջափնյակում «զինված բանդաների» մասին առհասարակ տեղյակ չեն։

«Աջափնյակում այսպես կոչված «զինված բանդաների» գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում որևէ տեղեկություն առկա չէ»-, նշված է ԱԱԾ գրավոր պատասխանում:

Այլ է ոստիկանության՝ Մաշտոցի բաժնից ստացված պատասխանը, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետի հայտարարության հիման վրա քննություն անցկացվել է, սակայն քրեական գործի հարուցումը կասեցվել է հանցադեպի բացակայության հիմքով։

Քաղաքապետարանը վերահաստատում է իր դիրքորոշումը․ 

Պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը նշեց, որ առաջին անգամ է լսում այս դեպքի մասով քրեական գործի հարուցման մերժման մասին և չի կարող մեկնաբանել իրավապահ մարմինների աշխատանքը, սակայն և հայտնեց, որ այնուամենայնիվ՝ քաղաքապետը եղած իրողությունն է հայտնել։

Բացի այդ, Կարապետյանի խոսքով՝ իրենց մոտ հստակ համոզմունք կա, որ ապօրինի կառուցապատողները գործում են համակարգված և խմբավորված։

«Քաղաքապետարանի մոտ կա համոզմունք, որը ձևավորվել է իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա, այն մասին, որ Աջափնյակում համակարգված ձևով գործել է խմբավորում՝ այսինքն համակարգված ձևով գործող մարդկանց խումբը աշխատել է որոշակի ժամանակի ընթացքում նույն սխեմայով, նույն շինանյութերով, նույն մոտեցմամբ, նույն փաստաբանական մարտավարությամբ»,- հայտնեց Կարապետյանը․

Հաջորդիվ «Փաստերի ստուգման հարթակը» հարցում ուղարկեց քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել ապօրինի կառուցապատող հանցավոր խմբերի գործունեության «սխեմաները» և նամակները, որոնք, ըստ քաղաքապետի պնդման, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողմից ուղարկվել էին իրավապահ մարմիններին։ 

Քաղաքապետարանը, սակայն, մերժել էր այդ սխեմաների և նամակների տրամադրումը՝ պարզաբանելով, որ քաղաքապետարանի տիրապետման տակ առկա  տեղեկատվությունը և փաստերի բացահայտումը կարող է խոչընդոտել հետագա քննությանը, և առաջարկել այդ տվյալները ստանալ իրավապահ մարմիններից։

Իսկ կրկին ուղարկված հարցմանն ի պատասխան նշել են, որ ամենայն հավանականությամբ՝ իրավապահ մարմինների կողմից հիմք է ընդունվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի բանավոր հայտարարությունը՝ առանց  գրավոր հիմքեր ներկայացնելու պահանջի:  

Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը FIP.am-ին հայտնեց, որ իրականում որևէ նամակ կամ փաստաթուղթ իրավապահ մարմիններին Երևանի քաղաքապետարանից կամ Աջափնյակ վարչական շրջանի կողմից չի ուղարկվել, և ապօրինի շինարարության «սխեմաների» մասին փաստաթղթավորված տվյալներ նույնպես առկա չեն։ 

Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է տրամադրել իրենց խոսքերով առկա տեղեկատվությունը (որը իրականում առկա չէր) և ուղարկված նամակները (որոնք իրականում չեն ուղարկվել) իրավապահ մարմիններում վարվող քննության (երբ իրականում քննություն չէր վարվում) գաղտնիության պահպանման պատճառաբանությամբ:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունն այն մասին, որ ապօրինի կառուցապատման վերաբերյալ նամակներ և սխեմաներ են ուղարկվել իրավապահ մարմիններին, չի համապատասխանում իրականությանը, իսկ նրա խոսքերի հիման վրա քրեական գործի հարուցումը, հաշվի առնելով ներկաների տված ցուցմունքները, մերժվել է:

Փաստերի ստուգման հարթակ