«Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը վերսկսել է աշխատանքը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը, երկամսյա դադարից հետո, վերսկսել է աշխատանքը՝ Գյումրիի օդանավակայանի վերագործարկման և կանոնավոր չվերթների իրականացմանը զուգահեռ։

Մասնավորապես, ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի առկայությունը և/կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի առկայությունը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը երկարաձգվել է մինչև 2021թ. դեկտեմբերի 20-ը։