Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը յուրաքանչյուր տարի կազմում է շուրջ 5000-6000 դեպք․ ԱՆ

2004 թվականից հոկտեմբերի 29-ը նշվում է` որպես գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր:

Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա խորհուրդն է` ընդգծել կաթվածի  տարածվածության մակարդակը, բարձրացնել հիվանդության կանխարգելման և բուժման մասին իրազեկվածությունը, ապահովել գլխուղեղի կաթվածը վերապրածների ավելի լավ խնամքն ու աջակցությունը:

Կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է: Գոյություն ունի կաթվածի 2 հիմնական տեսակ.  իշեմիկ` արյան հոսքի պակասեցման հետևանքով և հեմոռագիկ` ներուղեղային արյունազեղման հետևանքով:

Իշեմիկ ինսուլտները կազմում են ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների  գերակշռող մասը` 80-87%-ը: Այս պաթոլոգիան բնորոշվում է լայն տարածվածությամբ և բարձր մահացությամբ:

Գոյություն ունեն  գենդերային և տարիքային առանձնահատկություններ. տղամարդկանց շրջանում հանդիպում է ավելի հաճախ և 75% դեպքերում` ախտահարում է 64 տարեկանն անց անձանց: Վերջին տարիներին հիվանդությունը սկսել է երիտասարդանալ, և մասնագետներն ավելի հաճախ տեսնում են 30-45 տարեկան պացիենտների։ Կանանց շրջանում այդ հիվանդության առաջացման ռիսկը կարող է բարձրացնել հղիության բարդությունները, համակարգային հիվանդությունները և հակաբեղմնավորիչների ընդունումը։

Գլխուղեղի կաթվածի ախտանշանները տարբեր են` կախված գլխուղեղի ախտահարված հատվածից: Դրանք կարող են ընդգրկել մարմնի մի կեսում շարժումների և զգացողությունների սահմանափակումը, ընկալման և խոսելու անհնարինությունը, գլխապտույտը, տեսադաշտի մի կեսի սահմանափակումը, գլխացավը և այլն:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը յուրաքանչյուր տարի կազմում է շուրջ 5000-6000 դեպք։

Գլխուղեղի իշեմիկ կաթվածների հետևանքով զարգացող մահացության և հաշմանդամության նվազեցման նպատակով 2019 թվականի փետրվարից գործում է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը:

Հիշեցնենք, որ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների անվճար բուժման ծրագիրն իրականացվում է «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որից կարող են օգտվել բնակչության բոլոր խմբերը:

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրի մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել շուրջ 1200 պացիենտ: