Պատրաստվո՞ւմ է ԱԱԾ-ն քննել ազգային անվտանգության շահեր շոշափող հայտարարությունը Տարոն Սարիբեկյանի կողմից․ Սաֆարյանը ԱԱԾ-ին հարցեր է ուղղել

Գերմանիայում գործունեություն ծավալող բժիշկ Տարոն Սարիբեկյանի հայտարարության հետքերով Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը մի քնաի հարցեր է հղել Ազգային անվտանգության ծառայությանը։

Հիշեցնենք՝ Տարոն Սարիբեկյանը հայտարարել էր, որ ստացել է առաջարկ հայ հասարակությանը ներկայացնել դիմակների ու պատվաստանյութերի անարդյունավետությունը։

ԱԱԾ-ին ուղղված Ստյոպա Սաֆարյանի հարցերը հետևյալն են՝

1․ Գերմանիայում բնակվող ու աշխատող մեր հայրենակիցը նշում է, որ Գերմանիայից քանիցս Հայաստան է եկել մի օտարական, ով գրասենյակ է բացել մեր երկրում հակապատվաստումային, ապա՝ հակակորոնավիրուսային քարոզչություն իրականացնելու նպատակով։ ԱԱԾ-ը երբևէ տեղյակ եղե՞լ է կասկածելի այցելուի, նրա հանդիպման շրջանակների ու նպատակների մասին,

2․ Եթե ԱԱԾ-ը տեղյակ է եղել և հետևել է, ապա ի՞նչ հայ բժիշկներ են ներգրավվել դրանում, որոնք, այլևս պարզ է, իրենց հակաքարոզչությամբ էապես իջեցրել են Հայաստան պետության կողմից հանրության առողջության պահպանմանն ուղղված պետական միջոցառումների արդյունավետությունը, մանավանդ, որ ամենասկզբնական փուլում Հայաստանում նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը գնահատվում էր հաջողվածներից մեկը։

3․ Եթե Հայաստանի հատուկ ծառայությունները տեղյակ չեն եղել նման դիվերսիոն գործունեությանը, ապա արդյո՞ք սա ազգային անվտանգության խոցելիության վկայություն չէ, երբ նրանց ու բոլորիս արքի առջև կարող է ծավալվել նմանատիպ հակահասարակական, հակապետական գործունեություն ու դրա մասին ԱԱԾ-ն տեղեկանա միայն արտերկրում ապրող հայրենակցի հայտարարությունից։

4․ Եթե տեղյակ չի եղել՝ պատրաստվո՞ւմ է ԱԱԾ-ն քննել ազգային անվտանգության շահեր շոշափող հայտարարությունը Տարոն Սարիբեկյանի կողմից, ով պատրաստ է համագործակցել ՀՀ իրավապահաների հետ, տրամադրել իր և օտարականի խոսակցության ապացույցները, անգամ հրապարակել դրանք։

5․ Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է գերմանական կողմի հետ համատեղ հետաքննություն իրականացնել այս հաղորդված հանցագործության կապակցությամբ, մանավանդ որ օտարականը բնակվում է Գերմանիայում, և համագործակցությունը գերմանական կողմի հետ անխուսափելի է։

Գտնում եմ, որ այս քարոզչության մեջ ներգրավված ՀՀ քաղաքացիների, սեփական կոլեգաների տառապանքի վրա թքած ունեցած հայ բժիշկների արագ բացահայտումը, մեկուսացումը ու կալանավորումը հնարավորինս սեղմ ժամկետներում կենսական անհրաժեշտություն է։

Ստյոպա Սաֆարյան
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ