Հայաստանի կենսունակության և մանևրելու հնարավորության ապահովման միակ հարթակը մնում է ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությունը․ քաղաքագետ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«3+3 ձևաչափը` որպես տարածաշրջանային խաղաղության հարթակ, որի մասին երեկ Հռոմում կրկին խոսել է Էրդողանը, խոշոր հաշվով Հայաստանի դե ֆակտո ինքնիշխանության և պետականության վերջնական ոչնչացման նախատեսումն է, որի ճանապարհին իրական խոչընդոտ է մնում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությունը, մասնավորապես` Ֆրանսիան և ԱՄՆ-ը։

Սա այն բարակ թելն է, որով Հայաստանը կապված է Եվրոպայում անվտանգության և համագործակցության միջավայրին միջազգայնորեն ճանաչված մանդատով։ Իրականում թուրքական որևէ նախատեսման մեջ հայկական շահերի ներառում և պաշտպանություն երբևէ չի եղել։ Սա է նաև խնդիրը, որ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել Արևմուտքի միջնորդությամբ։

Իսկ պատճառն այն է, որ այդ դեպքում այն որոշակիորեն զսպվելու է իր նկրտումներում։ Այս ամենը ցույց է տալիս, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի կենսունակության և մանևրելու հնարավորության ապահովման միակ հարթակը մնում է ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությունը»։