Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբեր ամսին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է2021 թվականի նոյեմբեր  ամսվա  կլիմայական բնութագիրը․

Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր): 

Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին  ջերմաստիճանը 1.5⁰C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4⁰C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5⁰C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0⁰C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին  ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.5⁰C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.9⁰C, Իջևան` 7.1⁰C), Արարատյան դաշտում (Երևան 6.5⁰C,    Արմավիր 5.6⁰C): Առավելագույն ջերմաստիճանը այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-30⁰C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.8⁰C),  նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -27⁰C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -17⁰C, Մեղրիում` -7⁰C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է  1948թ.` -17⁰C: 

Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001,2011թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է -6…-12⁰C:
Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994,2008,2014 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996թ., 2010թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:

Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին:
Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վրկ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վրկ (Պուշկինի, Սիսիանի լ/ք): 

Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին: 

Եղանակի կանխատեսում 2021թ. նոյեմբեր  ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+20⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-5⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-17⁰C, առավելագույնը՝ +23…+24⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝  20-30 մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև  +13…+16⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10…-15⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22…-24⁰C, առավելագույնը՝ +16…+18⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` 30-50 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+20⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-15⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20…-22⁰C, առավելագույնը՝ +20…+22⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-35 մմ): 

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+9⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև  +18…+22⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-5⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11…-13⁰C, առավելագույնը՝ +25…+28⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է  նորմային մոտ  (նորման` 35-40 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +7…+9⁰C, լեռնային շրջաններում` +2…+4⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +18…+21⁰C, լեռնային շրջաններում՝ +12…+16⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -3…-60C, լեռնային շրջաններում` -10…-15⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14…-15⁰C, առավելագույնը՝ +23…+24⁰C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18…-20⁰C, առավելագույնը՝ +16…+18⁰C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ  (նորման` նախալեռնային շրջաններում   20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ): 

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+10⁰C, նախալեռնային շրջաններում` +4…+6⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը հովտային շրջաններում  մինչև` +20…+25⁰C, նախալեռնային շրջաններում՝ +16…+20⁰C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0…-3⁰C, նախալեռնային շրջաններում` -8…-13⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-15⁰C, առավելագույնը՝ +27…+28⁰C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22…-25⁰C, առավելագույնը՝ +20…+22⁰C): Ամսական տեղումների քանակը  սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 25-40մմ, նախալեռնային   շրջաններում  30-60 մմ): 

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+8⁰C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին  օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում  ցերեկը՝  մինչև  +18…+20⁰C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-5⁰C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14…-15⁰C, առավելագույնը՝ +24…+26⁰C): Ամսական տեղումների քանակը  սպասվում է նորմային մոտ  (նորման` 25-30 մմ):