Ալգորիթմները և ավտոմատացումը. նոր ուղենիշներ մարդու իրավունքների խախտումները կանխելու համար. coe.int

Եվրոպայի խորհուրդն իր 47 անդամ պետություններին կոչ է արել զգուշություն ցուցաբերել ալգորիթմային համակարգերի մշակման և օգտագործման դեպքերում, ինչպես նաև՝ այնպիսի օրենքներ ընդունել և այնպիսի քաղաքականություն և պրակտիկա որդեգրել, որոնցում լիովին կհարգվեն մարդու իրավունքները: 

Մարդու իրավունքների վրա ալգորիթմային համակարգերի ազդեցության մասին հանձնարարականում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մի շարք ուղենիշներ է սահմանել՝ կառավարություններին կոչ անելով իրենց կողմից մշակվող, օգտագործվող կամ գնվող ալգորիթմային համակարգերում բացառել մարդու իրավունքների խախտումները: Ավելին, կառավարությունները պարտավոր են, որպես կարգավորող մարմիններ, արդյունավետ և կանխատեսելի օրենսդրություն, կարգավորման և վերահսկողության համակարգեր նախատեսել, որոնք թույլ կտան կանխել, հայտնաբերել, արգելել մարդու իրավունքների խախտումները, վերացնել խախտումների հետևանքները՝ անկախ դրանց՝ մասնավոր կամ հանրային սուբյեկտների կողմից կատարվելու հանգամանքից: 

Հանձնարարականի մեջ ընդունվում է այն փաստը, որ ալգորիթմային գործընթացները բազմաթիվ բնագավառներում (կապի, կրթության, տրանսպորտի, կառավարման և առողջապահական համակարգերի), նորարարությունը և տնտեսական զարգացումը խթանելու վիթխարի ներուժ ունեն: ԿՈՎԻԴ-19-ի մերօրյա աշխարհավարակի պայմաններում ալգորիթմային համակարգերն օգտագործվում են կանխատեսման, ախտորոշման և պատվաստանյութերի և բուժումների հետազոտման նպատակով: Ավելանում է ալգորիթմների և ավտոմատացման հիման վրա թվային վերահսկողության խստացված միջոցառումներ դիտարկող անդամ պետությունների թիվը: 

Միևնույն ժամանակ, հանձնարարականը զգուշացնում է ալգորիթմային համակարգերի օգտագործման կապակցությամբ մարդու իրավունքների համար ծագող լրջագույն մարտահրավերների մասին, հատկապես արդար դատաքննության իրավունքի, անձնական կյանքի և տվյալների պաշտպանության իրավունքների, խղճի և կրոնի ազատության իրավունքների, արտահայտվելու ազատության և հավաքների ազատության իրավունքների, հավասար վերաբերմունք ստանալու իրավունքի և տնտեսական և սոցիալական իրավունքների առնչությամբ: 

Ներկայացնում ենք հանձնարարականի հայերեն ոչ պաշտոնական տարբերակը՝ ԲՀՀ-Հայաստանի թարգմանությամբ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ/