Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանին հանձնաժողովի փորձագետ նշանակվելու մասին։ Քոչարյանն ասաց, որ Հովհաննիսյանը հանձնաժողովին կօգնի ռազմական ոլորտի շատ հարցերում, որովհետև նա ոչ միայն դասավանդել է, այլ նաև կյանքի փորձ է անցել Զինված ուժերի ակունքներից սկսած, գրում է Արմենպրեսը։

«Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծ իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել է մեր երկրի ապագային միտված գործողությունների իրականացմանը, պետք է մեր հանձնաժողովի կողմից միշտ նկատված լինի՝ անկախ նրանից, թե ինչ շահարկումների միջով են փորձում անցկացնել նրան։ Շահարկումները և ֆեյքերը պետք է մի օր վերանան մեր կյանքից, և իրական գործընթացների մեջ իրական մարդը իր գիտելիքները պետք է ծառայեցնի մեր կարիքների համար»,- ասաց Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով Հովհաննիսյանին առաջարկն ընդունելու համար։

Քոչարյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օր օրի մոտենում է ձևավորման վերջնական փուլին և այնտեղ միասին շատ մեծ ճանապարհ պետք է անցնեն։