Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ Ազատություն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Փարիզում հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, գրում է «Ազատությունը»։

«Բանակցությունները կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ռուսաստանից Իգոր Խովաևի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆոյի մասնակցությամբ», – ասված է հաղորդագրությունում։ Բանակցություններին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

«Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Բայրամովը հակառակ կողմին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ», – հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ լրատվականը։

Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման մասին դեռ չի հաղորդում։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։