«Զանգեզուրի միջանցքը» նպաստելու է ԵՄ-ի՝ հուսալի և անվտանգ լոգիստիկ միջանցքներ ապահովելու ջանքերին.Բայրամով.Factor

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի երկրների արտագործնախարարների հանդիպմանը։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բայրամովը նշել է, որ պաշտոնական Բաքուն կարևոր է համարում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարումը։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

«Կայուն խաղաղությունը, զարգացումն ու առաջընթացը կազմում են Ադրբեջանի ապագայի տեսլականի հիմքը, և այդ առումով կարևոր է եռակողմ հայտարարությունների ամբողջական իրագործումը։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կպատասխանի այդ ուղղությամբ մեր կատարած քայլերին»,- ասել է Բայրամովը՝ չնշելով խաղաղության ու կայունության ո՞ր քայլերի մասին է խոսքը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների բացումը, որոնք անցնում են Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, էապես կազդեն առևտրի և տրանսպորտային փոխադրումների ծավալների աճի վրա՝ ի շահ երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրների ու գործընկերների։ Այնուհետ Բայրամովը խոսել է թուրք-ադրբեջանական հայտնի միջանցքային թեզի մասին։

«Այդ համատեքստում «Զանգեզուրի միջանցքը» հանդիսանում է կարևոր նախաձեռնություն։ «Զանգեզուրի միջանցքը», որպես Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի կարևոր մաս, կնպաստի ԵՄ ջանքերին՝ հուսալի և անվտանգ լոգիստիկ միջանցքների ապահովմանը Արևելյան գործընկերության ներսում և դրսում»,- հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում պետք է Հարավային Կովկասի երկրների հետ իր հարաբերությունները կառուցի՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրողությունները հաշվի առնելով, ինչպես նաև «փոփոխի առաջնահերթություններն ու հետկոնֆոլիկտային փուլի պահանջները»։