Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերն անցել են հարձակման, տեղի է ունենում լայնամասշտաբ սադրանք ՀՀ սահմանների ուղղությամբ: Այդ մասին խորհրդարանում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունները, որ սահմանային ագրեսիան ու հարձակումը սկսել է հայկական կողմը, բացարձակ սուտ են ու չեն համապատասխանում իրականությանը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ-ն որդեգրել է տարածաշրջանային խաղաղությունը՝ որպես նպատակ, իսկ, թե ինչ է որդեգրել Ադրբեջանը շատ պարզ երևում է նրանց հայտարարություններում, թե՛ նախագահի մակարդակով, թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Միջազգային մեր գործընկերները, թե՛ ԵԱՀԿ համանախագահությունը, թե՛ ՀԱՊԿ գործընկերները պետք է շատ հստակ անցնեն գործի: Հայտարարություններն ու կոչերը պետք է լինեն շատ առարկայական ու կոնկրետ՝ ուղղված այն կողմին, որը սկսել է այս հարձակումն ու սադրանքը»,- հայտարարեց Ալեքսանյանն ու հավելեց, որ Հայաստանը սպասում է Ռուսաստանի Դաշնության արձագանքին՝ որպես դաշնակից պետության, ի պատասխան Հայաստանի դիմումին, որով Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
16.11.2021
Թե՛ ԵԱՀԿ համանախագահությունը, թե՛ ՀԱՊԿ գործընկերները պետք է շատ հստակ անցնեն գործի. Վահագն Ալեքսանյան. տեսանյութ



















