Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործում ընդգրկվելու խնդրանքով։ Այս մասին նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է օմբուդսմեն Նինո Լոմջարիան, գրում է Aliq.ge-ն։
Լոմջարիան նշել է, որ իր խնդրանքը բավարարվելու դեպքում, նա կկարողանա ՄԻԵԴ-ին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել գործի վերաբերյալ։ Նաև օմբուդսմենը պատրաստվում է Ստրասբուրգի դատարանին դիմել` Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցից մասնավոր հիվանդանոց տեղափոխելու խնդրանքով։
«Մենք պաշտոնապես դիմել ենք Ստրասբուրգի դատարան՝ երրորդ կողմ ընդգրկելու խնդրանքով», — ասել է Լոմջարիան:
ՄԻԵԴ-ի միջոցով փաստաբանները փորձում են ապահովել Սաակաշվիլիի տեղափոխումը քաղաքացիական կլինիկա, ով արդեն 49-րդ օրն է՝ բանտում հացադուլի մեջ է։ Ի պատասխան հայցի՝ Ստրասբուրգի դատարանն ավելի վաղ կոչ էր արել վրացական իշխանություններին ապահովել նախկին նախագահի անվտանգությունը բանտում և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։ Միաժամանակ, Սաակաշվիլիին կոչ են արել դադարեցնել հացադուլը։ Սաակաշվիլին խոստացել է հացադուլը դադարեցնել` բժիշկների խորհրդի ընտրած մասնավոր կլինիկա տեղափոխվելուց անմիջապես հետո։