Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել․Factor

Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգում 5․1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի նախագահին կից աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15։40-ի սահմաններում Քյուփրոքյոյ շրջանում։

Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը

Օջախը գտնվել է 6․94 մետր խորության վրա։ Նշվում է, որ ցնցումներ են գրանցվել նաև հարևան Դիարբեքիր և Մուշ նահանգներում։ Քանդիլի աստղադիտարանը և երկրաշարժերի հետազոտական կենտրոնը ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատել են 5,2 բալ։

Էրզրումի նահանգապետ Օքայ Մեմիշը նշել է, որ մի շարք գյուղերում տներ են փլուզվել, սակայն զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Էրզրումի քաղաքապետ Մեհմեթ Սեքմենը նույնպես նշել է, որ վնասների մասին տեղեկություններ են ստացել։

«Վնասներ կան մի շարք գյուղերում։ Մեր խմբերին ուղարկել ենք այնտեղ։ Հույս ունենք՝ զոհեր չկան»,- ասել է Սեքմենը։ Երկրաշարժի հետևանքով նաև քարաթափումներ են տեղի ունեցել, որի պատճառով փակ են մի շարք ճանապարհներ։