«Պետության աղետալի ձախողում»․ Ֆրանսիայում պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը՝ զանգվածային անկարգություններից հետո

Ֆրանսիայի կառավարությունը հոկտեմբերի 18-ին ճգնաժամային խորհրդակցություններ է անցկացրել՝ նախորդ օրը երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո։ Ավելի քան 2000 մարդ ձերբակալվել է, հարյուրավոր խանութներ թալանվել ու ավերվել են, հրկիզվել են պետական շենքեր։ Քաղաքական ուժերը պահանջում են ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի հրաժարականը՝ իշխանություններին մեղադրելով բռնությունների մասշտաբներին անպատրաստ լինելու մեջ։

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, հոկտեմբերի 17-ին Փարիզում, Մարսելում, Բորդոյում, Նիսում և այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում հարձակման են ենթարկվել պետական հաստատություններ, հրկիզվել մեքենաներ, փակվել ճանապարհներ։

Լիմոժում ցուցարարների խմբերը ներխուժել և հրկիզել են 19-րդ դարում կառուցված քաղաքապետարանի շենքը։ Քաղաքապետ Գիյոմ Գերենի խոսքով՝ իրավապահներն այլևս չէին կարողանում դիմակայել հարձակվողներին, քանի որ նրանց զինամթերքը սպառվել էր։

«Ժամը 15։30-ի սահմաններում մեր համայնքային ոստիկանությունը, չնայած բավարար թվով ծառայողների ներկայությանը, այլևս ի վիճակի չէր դիմակայելու անկարգությունների մասնակիցների բռնություններին, քանի որ զինամթերքը սպառվել էր»,- հայտարարել է քաղաքապետը՝ կատարվածն անվանելով «պետության աղետալի ձախողում»։

Մարսելում դիմակավորված խմբերը ներխուժել են քաղաքապետարան և ոստիկանական բաժանմունք։ Քաղաքապետ Բենուա Պայանը հայտարարել է, որ երբեք չէր պատկերացնում նման իրադարձությունների ականատես լինել։

Լիոնում հրկիզվել է քաղաքի պատմական զբոսաշրջային գրասենյակը։ Քաղաքապետ Գրեգորի Դուսենն ընդգծել է, որ իշխանությունները պետք է ոչ միայն ուսումնասիրեն բռնությունների պատճառները, այլև արձագանքեն խաղաղ ցուցարարների սոցիալական պահանջներին։

Առևտրականների միությունների տվյալներով՝ ամբողջ երկրում թալանվել կամ վնասվել է ավելի քան 1500 խանութ և ձեռնարկություն։ Նյութական վնասը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրո։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ, վիրավորվել են շուրջ 600 ոստիկաններ, հրշեջներ և շտապօգնության աշխատակիցներ։ Սենտ Էտիենում ոստիկանության կիրառած հատուկ նռնակի պայթյունի հետևանքով 17-ամյա պատանին կորցրել է աջ ձեռքը։

The Guardian-ը շեշտում է, որ բռնությունները պետք է տարբերակել նույն օրը տեղի ունեցած խաղաղ ցույցերից։ Տասնյակ հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և աշխատողներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով դպրոցների վերանորոգում, ուսուցիչների թվի ավելացում, հանրային ծառայությունների ֆինանսավորման բարելավում և բողոքելով կյանքի թանկացումից։

Սակայն խաղաղ երթերին զուգահեռ այլ խմբեր կազմակերպել են բախումներ իրավապահների հետ, հրկիզումներ և թալան։

Նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը և ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը բռնությունների պատասխանատվությունը վերագրել են ծայրահեղ ձախ խմբավորումներին։ Մինչդեռ ձախ քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոնը իշխանություններին մեղադրել է կազմակերպչական ձախողումների մեջ, որոնք, նրա գնահատմամբ, ճանապարհ են բացել քաոսի համար։

Իրավիճակը սրել է նաև ոստիկանության գործողությունների վերաբերյալ քննադատությունը։ Ընդդիմադիրները հարց են բարձրացնում՝ ինչու իշխանությունները չեն կանխատեսել բռնությունների մասշտաբներն ու չեն ապահովել պետական շենքերի պաշտպանությունը։

Անկարգությունների հետևանքով Ֆրանսիայում խորացող քաղաքական ճգնաժամի պայմաններում նախագահի և կառավարության գործողությունները հայտնվել են հասարակական ու քաղաքական ուժեղ ճնշման ներքո։