«Սիրուն չնայեցիր` խփում էր, աչքին չէիր երևում` խփում էր» . Սկեսուր ու հարս. հավերժական պայքա՞ր, թե՞ չստացված փոխհարաբերություններ

«Սիրուն չնայեցիր` խփում էր, աչքին չէիր երևում` խփում էր» . Սկեսուր ու հարս. հավերժական պայքա՞ր, թե՞ չստացված փոխհարաբերություններ
«Սիրուն չնայեցիր` խփում էր, աչքին չէիր երևում` խփում էր» . Սկեսուր ու հարս. հավերժական պայքա՞ր, թե՞ չստացված փոխհարաբերություններ

«է~, ինչե~ր եմ քաշել կիսուրիս ձեռը, ճիշտ չնստեցիր` խփում էր, սիրուն չնայեցիր` խփում էր, աչքին երևում էիր` ուրեմն պարապ ես մնացել, էլի խփում էր, աչքին չէիր երևում` իրան մոռացել ես` խփում էր, ամբողջ օրը խփում էր, իրիկունն էլ ստեր էր պատմում, կռիվ սարքում, որ մարդուս ծեծով օրս մթնի»,- կարճ ընդհատումներով, բայց երկար պատմում է Նազիկ տատն իր կյանքի անիրական թվացող պատմությունները, բայց հիշողություններում չարություն չկա, միայն ցավ ու տառապանք:
Մաթևոսյանական «Աշնան արևի» մի շող էլ 70-ամյա Նազիկ տատն է, որ ինչպես և Աղունը, սկեսրոջ երեսով է տալիս իրեն հասցրած վիրավորանքները, տատն էլ հատ-հատ հիշում է ջահել ժամանակվա գլխովն անցած ու թեթևացնում սիրտը: «Ես ամեն ինչ արեցի, որ իմ հարսն ավելի լավ ապրի, տղաս հանգիստ ու խաղաղ լինի»,- ասում է Նազիկ Առաքելյանը, որ տղային ամուսնացնելուց հետո որոշեց ամուսնու հետ մենակ ապրել, և ո´չ ամուսնու մահը, ո´չ էլ տղայի ու հարսի հորդորները չկարողացան փոխել որոշումը:
Սկեսուր-հարս կռիվը հավերժական պայքար է, ու թեև տարիների ընթացքում փոփոխություններն ու փոխհարաբերությունների տարբերություններն ակնհայտ են, այնուամենայնիվ, խնդիրն այսօր էլ կա` այլ շեշտադրումներով ու զարգացումներով:
«Նախկինում մարդիկ ավելի հանդուրժող էին ընտանեկան հարաբերություններում, որովհետև իրենց դերն ընտանիքում այլ կերպ էին պատկերացնում, իսկ այսօր կինն այլ կերպ է մտածում,- ասում է սոցիոլոգ Զարուհի Օհանջանյանը: – Առաջ նա պատրաստ էր այն ամենին, ինչին բախվում էր, հիմա ժամանակները փոխվել են, կինն ավելի լավ գիտի իր իրավունքները, և երբ դրանք խախտվում են, ավելի շուտ է ըմբոստանում»:

Սկեսուր-հարս պայքարի հիմքերը խորն են, պատճառները` շատ: Դարեր շարունակ տղան հայ ազգի համար եղել և մնում է օջախի շարունակողն ու դառնում պաշտամունքի առարկա, հատկապես մոր համար: «Եթե հայ գրականության օրինակներն էլ դիտարկենք, կտեսնենք, որ հայ կինը չունի սեփական երջանկություն, սեր, նա անձնազոհ է` մոռացած իրեն ու աշխարհը, զոհում է ամեն ինչ ու ապրում է միայն երեխաներով և աստվածացնում է հատկապես արու զավակին,- ասում է գրականագետ Նվարդ Եղիազարյանը: – Եվ երբ օտար մի աղջիկ, իր կարծիքով` «անարժան իր տղային», խլում է մորից որդուն, կորստի զգացումը հանգեցնում է հարս-սկեսուր հարաբերությունների սրմանը»:

Տասնչորս տարվա հարս, 34-ամյա Հասմիկ Սիմոնյանի համար ամուսնության առաջին տարիներին տարօրինակ ու անհեթեթ էր թվում սկեսրոջ վերաբերմունքը իր ամուսնու նկատմամբ. «Սկեսուրս առիթը բաց չէր թողնում հասկացնելու, որ իր տղան ավելի լավն է և ավելի լավին էր արժանի, քան ես եմ,- ասում է Հասմիկը: – Բայց ես չէի ընկճվում ու փորձում էի հակառակն ապացուցել: Իսկ հիմա, երբ ինքս տղա ունեմ, սկսում եմ քիչ-քիչ հասկանալ սկեսրոջս»,- ժպտում է Հասմիկը:

Լարված հարաբերությունների պատճառները տարբեր են ու անհատական. ընտանիքում սերունդների ու դերերի բախում, արժեհամակարգերի անհամատեղելիություն, անձի տեսակի խնդիր, աղջկան ընդունել-չընդունելու խնդիր: Ամեն դեպքում նախասկիզբը, ըստ հոգեբան Արմինե Վարդանյանի, մայր և որդի հարաբերությունների տիպն է. «Նոր ծնված երեխան կախված է մորից, և շատ կարևոր է, թե ինչպես են ընթանում կախվածությունից ինքնուրույնության անցնելու փուլերը,- ասում է հոգեբանը: – Եթե մայրը թույլ չի տվել այդ փուլը նորմալ անցնի, հասուն տարիքում էլ թույլ չի տալու և անպայման միջամտելու է տղայի կյանքին»:

Կան նաև մայրեր, ովքեր ապրում են իրենց կյանքով, գիտեն իրենց դերը և չեն խառնվում տղայի կյանքին. «Այստեղ կարևորը անձնային հասունությունն է, ինչքանով է ինքը հասկանում` որտեղ է սկսվում ու վերջանում իր սահմանը և որտեղ է մյուսինը, որքանով է ինքնաբավ իր կյանքով և որքանով է հասկանում տղայի կյանք ներխուժելու անհրաժեշտությունը»,- նշում է Արմինե Վարդանյանը:

Անձնային հասունության դրսևորման կարևորությունը ևս երկուստեք է: Սկեսուրներն էլ իրենց հերթին նշում են հարսերի նախատրամադրվածության ու հասունության բացակայության մասին. «Եթե հարսն արդեն տրամադրված մտնում է քո տուն, դու ինչ էլ անես, նա փորձելու է դրանում վատ բան տեսնել,- ասում է 67-ամյա սկեսուր Զոյա Խաչատրյանը: – Նա այնքան հասուն պետք է լինի, որ հասկանա, որ նոր տուն է մտել, որտեղ արդեն կան որոշակի ձևավորված կանոններ, չպետք է անցնի դրանք ձևափոխելուն, այլ պետք է մի քիչ էլ իրեն նեղություն տալով`հարմարվի»:

Տեղեկատվական լայն դաշտն ու դրսից թելադրված նոր արժեքները նոր անդամների հետ ներխուժում են նաև ընտանիք. «Խնդիրն այն է, որ մենք չտեսի պես ենք վարվում, վերցնում ենք դրսինը, աղավաղում ենք ու փորձում մեզ հարմարեցնել,- ասում է տիկին Զոյան,- և արդյունքում հարսը նույնիսկ տարրական հարգանք չի դրսևորում ամուսնու ծնողների նկատմամբ, այնպիսի տպավորություն է, որ մենք չենք էլ եղել: Առանձին ապրելն էլ` որպես մոդայի շարունակություն, դարձնում են դրոշակ ու առաջ գնում»:

Ծնողներից առանձին ապրել-չապրելու խնդիրն էլ այսօր հարս-սկեսուր պայքարի կիզակետում է: Առանձին ապրելը նորմալ փոխհարաբերությունների գրավականն է. «Ինչքան էլ ասեն, որ սկեսուրի հետ ապրելը լավ է, օգնություն է, միևնույն է, դա միայն օգնություն չէ,- ասում է 28-ամյա Մանե Մադոյանը: – Իդեալական տարբերակը, իհարկե, առանձին, բայց մոտ ապրելն է»:

Հայաստանում, սակայն, ֆինանսական խնդիրները և հասարակության պարտադրանքները լավագույն տարբերակներից անդին են: Երբ անգամ կա առանձին ապրելու ֆինանսական հնարավորությունը` տեղի տալով անհիմն ու չգրված հասարակական նորմերին, երբեմն երիտասարդները, հաճախ էլ մեծերը, ընտրում են անառողջ մթնոլորտում, բայց միասին ապրելու տարբերակը. «Բա հարևանները չե՞ն ասի` տղեն մորն ու հորը թողել, մտել ա կնոջ փեշի տակ, գնացել, առանձին ա ապրում»:

Կան դեպքեր սակայն, երբ առանձին ապրելն էլ հարցի լուծում չէ. «Եթե սկեսուրդ միջամտելու ու քո կյանքին խառնվելու հակում ունի, հեռվից էլ կանի,- ասում է 36-ամյա Արմինե Մանուկյանը,- պարզապես բախումներն են քչանում, և հանգիստ ես լինում»: Եվ չնայած դրան, այնուամենայնիվ, անգամ «անթերի», հասկացող սկեսուր ունեցող հարսերն են ձգտում առանձին ապրելու. «Ձեռքերի մեջ էլ ձվածեղ անեն, շնորհակալ եմ, չեմ ուզում, ուզում եմ մենակ ապրել»,- ընկերուհու խոսքերն է մեջբերում Մանե Մադոյանը:

Երկու հարսի սկեսուր, ուսուցչուհի, 54-ամյա Մարինե Քերոբյանը ամուսնու հետ մենակ է ապրում, ինքն է այդպես ցանկացել. «Բոլորս էլ մարդիկ ենք, և ոչ մեկս էլ անթերի չէ, ինչու կենցաղային փոքր բաների համար ես նեղվեմ, կամ հարսս նեղվի: Ավելի լավ է այսպես առանձին, ես` իմ կյանքով, նրանք` իրենց: Պե՞տք է, օգնություն են խնդրում` ամեն ինչ անում եմ, որ իրենց գոհացնեմ»,- ասում է տիկին Մարինեն:

Անի Եղիազարյան

© Medialab.am