Նախագահական դրժված խոստու՞մ. Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը կրկին հացադուլ է հայտարարել

Նախագահական դրժված խոստու՞մ. Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը կրկին հացադուլ է հայտարարել
Նախագահական դրժված խոստու՞մ. Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը կրկին հացադուլ է հայտարարել

5 անչափահաս երեխաների հայր եւ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօր նախագահականի առջեւ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ իր արտաժամյա հավելավճարները ստանալու եւ ծառայության մեջ անցնելու պահանջով: Ալումյանի խնդրին «Մեդիալաբը» նախկինում եւս  անդրադարձել է:
«Ես հենց Սահմանադրության օրը եկել եմ նախագահականի առջեւ եւ պահանջում եմ, որ ինձ իմ աշխատած գումարը տան»,- ասում է Ալումյանը «Մեդիալաբին»:
Նա նշում է, որ մեկ ամիս առաջ նախագահականում հացադուլ անելիս, իր հավելավճարների եւ աշխատավարձի նախագահականում տրված խոստումներից ոչ մեկը չի կատարվել ու ինքը կրկին մնացել է կոտրած տաշտակի առաջ. ոստիկանությունում չեն վերադարձրել արտաժամյա աշխատած 2,5 մլն դրամը իսկ Իջեւանում չեն վերականգնել ծայությունը պայմանագրային զինծառայող աշխատելու համար:
«Նախագահականի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը հունիսի 11-ին անձամբ իմ մոտից զանգել էր Իջեւանի գնդի հրամանատարին, որ ծառայությունս վերականգնեն, բայց ես գնացել եմ Իջեւան այնտեղ ինձ ոչ ոք չի դիմավորել, ես մինչեւ այժմ առանց աշխատանքի եմ: Իսկ ոստիկանությունից ոչ զանգել են ոչ կանչել, որ իմ աշխատած գումարը վերադարձնեն, անընդհատ ձգձգում են: Միայն երեխայիս հարցերն են լուծել, հիվանդանոցում պառկած է մինչեւ հիմա բուժում ստանալու համար»,-ասում է Ալումյանը, ում անչափահաս երեխաներից 10-ամյա Կարինեն ոտնահենակներով է քայլում եւ ունի տեսողության խնդիրներ:
Ալումյանը հավելում է, որ հունիսի 26-ին նամակ է ուղարկել նաեւ ոստիկանապետին, սակայն նամակն անպատասխան է մնացել: Փորձել է կրկին դիմել Հովսեփյանին, սակայն նախագահականում պատասխանբել են, թե նա քաղաքից բացակայում է:

Հիշեցնենք, որ ոստիկանական համակարգի՝ պետական պահպանության վարչությունում 13 տարի աշխատած Ալումյանը Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ է: Նա պահանջում է վերջին տարիներին իր արտաժամյա աշխատանքի հավելավճարը, որը կազմում է 4,5 մլն. դրամ: Թեեւ մեծ դժվարությամբ, 4 ամիս առաջ նա ստացել է իրեն հասանելիքի մի մասը՝ 1,93 մլն. դրամ, այնուամենայնիվ պայքարում է իր իրավունքների եւ օրինական հասանելիքի համար:

Ալումյանը մի քանի ամիս առաջ նամակ էր գրել Սերժ Սարգսյանին եւ դիմել տարբեր ատյաններ, սակայն հարցը լուծում չէր ստացել:

Մոտ մեկ ամիս առաջ նախագահական նստավայրի մոտ հուսահատությունից ինքնահրկիզման փորձ կատարած, օրեր անց հացադուլ հայտարարած նախկին ոստիկան, բազմազավակ հայր Մխիթար Ալումյանին նախագահականում հավատացրել էին, որ լուծում կստանան նրա բարձրացրած հարցերը:

Սակայն մեկ ամիս անց Ալումյանը կրկին նույն խնդրի պահանջով նախագահականի առջեւ հացադուլ է անում: Այս անգամ եւս, ինչպես ավելի ուշ տեղեկացավ «Մեդիալաբը», Ալումյանին խոստացել են երկուշաբթի հանդիպում կազմապերպել նախագահականում եւ հորդորել ծայրահեղ քայլերի գնացող նախկին ոստիկանին դադարեցնել հացադուլը մինչ այդ:

Առաջիկայում «Մեդիալաբը» ուշադրությունում կշարունակի պահել Մխիթար Ալումյանի հարցը:

Տես Մխիթար Ալումյանի ընտանիքի մասին պատմող ֆոտոպատմությունը:

© Medialab.am