Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում սահմանափակումների որոշումը մինչ խորհրդարանի նախագահ ընտրվելն է ստորագրել

Ալեն Սիմոնյանը երեկ, մինչ պաշտոնապես ԱԺ նախագահի լիազորությունների ստանձնումը՝ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակում, ստորագրել է որոշում՝ փոփոխելով ԱԺ վարչական շենքում գործող անվտանգության կանոնները:

Ըստ այդ որոշման՝ հատուկ վերահսկելի գոտի համարվող տարածքների թիվն ավելացել է։ Դրանք են՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճը, Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակը, Ազգային ժողովի նախագահի ընդունարանը, Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո:

Աշխատանքային գոտի է համարվում Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողների, Ազգային ժողովի խմբակցությունների աշխատասենյակների տարածքը, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է: Աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Նշվում է, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում, իսկ առանձնացված հատուկ տեղերից բացի՝ այլ տեղերում կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ: Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում:

Հանձնաժողովի նախագահը հավատարմագրված լրագրողների ցուցակը, ովքեր ներկա են գտնվելու նիստին, նախապես, բայց ոչ ուշ, քան նիստը սկսելուց 2 ժամ առաջ, ներկայացնում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին:

Հիշեցնենք՝ երեկվանից խորհրդարանի շենքում ՊՊԾ ծառայողների կողմից աննախադեպ խստացված հսկողություն է իրականացվում։ Լրագրողների աշխատանքը ձախողվում է սահմանափակումների պատճառով։