Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Շարունակվել է տարածաշրջանում իրավիճակի և դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցների քննարկումը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրագործման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար:

Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին։