Արցախում առաջարկում են օրենքով ֆիքսել պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային  բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Օրենքի նախագծով  ֆիքսվել են Արցախի Հանրապետության այն բնակավայրերը, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթվել են Ադրբեջանի կողմից: Ֆիքսվել են նաև այն բնակավայրերը, որոնց մի մասն է պատերազմի հետևանքով բռնազավթվել Ադրբեջանի կողմից, նաև այն բնակավայրերը, որոնք պատերազմից հետո դեռևս բնակեցված չեն:

Նախագծով իրավական հստակեցում է մտցվել նաև նաև Արցախյան առաջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերի վերաբերյալ: