«Եթե իշխանությունը չի վճարում, մտավորականները գնում են նրա մոտ, ով վճարում է, որովհետև դժվար է Հայաստանում ապրելը». Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը

– 124 մտավորականներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքին, «քանի որ դա է միակ փրկությունն այս իրավիճակում»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, արդյոք այդ ցուցակում կային անակնկալներ՝ հաշվի առնելով, որ այդ մտավորականներից շատերը ժամանակին աջակցում էին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, իսկ հիմա՝ Քոչարյանին:

– Չեմ ուզում անդրադառնալ անձերին, խոսեմ երևույթի մասին: Տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը փող է բաժանել մարդկանց, դրանք կոչվել են՝ պետպատվեր, պետական աջակցություն, դա արել են հրատարակիչների միջոցով, թատրոնների միջոցով, արել են երգչախմբերի կամ նվագախմբերի, նկարիչների միության միջոցով: 

Պետությունն անընդհատ ուղիղ փող է տվել: Առնվազն 20 տարի ես խոսում եմ սրա մասին, որ դա պետք է բացառել: Պետք է բացառել, որ որևէ մեկը համարձակվի մտավորականի կամքը գնել, որ մտավորականը կաշկանդված չլինի, որ էս պատվերը ստացել է, դրա դիմաց անի այլ քայլ: 

Դրա համար պետությունը պետք է այդ ամենից դուրս գա: Պետությունը և Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի, և Նիկոլ Փաշինյանի օրոք դա արել է, մինչդեռ մենք պետք է այնպես անենք, որ մեր մտավորականին չկաշկանդենք: 

Դրա համար պետք է ֆինանսավորել պահանջարկը, ֆինանսավորել ժողովրդին: Օրինակ՝ հիմա ծրագրեր են արվում, որ աշակերտները գնում են թանգարաններ, որից թանգարանը գումար է ստանում, կամ՝ գնում են համերգների: 

Նույնը պետք է անել նաև գրադարանների ոլորտում և մնացած այլ տեղերում: Պետք է ֆինանսավորել սպառողին, պետք է ֆինանսավորել պահանջարկը և չի կարելի ֆինանսավորել առաջարկը: 

Եթե ֆինանսավորում ես ինչ-որ գրողի, որ գիրք գրի, կամ հրատարակչի, սպառողը մեկ է՝ դա չի կարդալու: Իսկ եթե դու սպառողին ես ֆինանսավորում, դու ֆինանսավորում ես գրադարանը, որ գիրք գնի, ապա այդ գումարը կգա կհասնի գրողին, թարգմանչին և այլն: Այդ դեպքում ամբողջ շղթան կաշխատի: 

Սա տնտեսության մեջ մի կողմից մրցակցության խաթարման գործընթաց է, մյուս կողմից այն է, ինչի մասին նախօրեին խոսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որ, ցավոք, մտավորականությունը չի ասում իր խոսքը կամ արտահայտվում է այնպես, ինչպես տեսնում ենք: 

Սա մարդկանց մասին չէ, շատ քչերը երևի կարող էին այդ գայթակղություններին դիմանալ: Իմ տվյալներով՝ 3-50 հազար դոլար փող են տալիս տարբեր ոլորտներին: Ես չեմ ասում, որ այդ ցուցակի բոլոր մարդիկ փող են վերցնում, բայց այս խնդիրը կա: 

Սա պետական քաղաքականության արդյունք է, հանկարծակի չի այսպես ստացվել: Թե ընտրակաշառքների մասին զրույցները, թե էս տիպի արարքները բերում են նրան, որ, ի վերջո, եթե այս գործընթացը շարունակվի, և մարդասպանը հաղթի, ապա մենք էլ ընտրության հնարավորություն չենք ունենա՝ գոնե մինչև հաջորդ ապստամբություն: 

– Այս մտավորականներից շատերը նշում են, որ իրենց հաջողությունները եղել են Քոչարյանի իշխանության տարիներին:

– Եկեք նայենք, թե ինչ է նշանակում հաջողություն: Եթե ժողովրդական արտիստի կամ վաստակավոր դերասանի կոչում են ստացել և սա են համարում հաջողություն, դա նշանակում է, որ փող ունենալը, պատիվը կորցնելը հաջողությո՞ւն են, կեղծ լինելը հաջողությո՞ւն է: 

Դու չլինես ժողովրդական, բայց քեզ կոչեն ժողովրդական: Ազնավուրն էր ժողովրդական, որ այդ ժողովրդական արտիստի գրքույկից չուներ: 

– Ինչո՞վ եք բացատրում, որ մտավորականները սովորաբար աջակցել են իշխանություններին, իսկ այս անգամ աջակցում են ընդդիմությանը, որովհետև այս իշխանություններից որևէ ակնկալիք չունե՞ն:

– Ես չեմ ասում իշխանությանն աջակցեն կամ չաջակցեն, բայց մեր աչքի առաջ այդ մարդը բազմաթիվ մարդկանց է սպանել, մեր ընտրությունն է փոխել, մեր պետականության հանդեպ հավատն է կոտրել կամ խաթարել, ու էս մարդիկ գնում, աջակցում են այդպիսի մարդուն: 

Այստեղ ես խնդիր եմ տեսնում: Կրկնեմ, որ ես այդ կոչին միացած մարդկանց չեմ մեղադրում, շատ քչերը կարող էին նման գայթակղություններին դիմանալ: 

Եթե իշխանությունը չի վճարում, նրանք գնում են նրա մոտ, ով վճարում է, որովհետև այսօր դժվար է Հայաստանում ապրելը: 

Ու քանի որ շուկան էլ չի աշխատում, նրանք գնում են այդ ճանապարհով: Կրկնեմ, որ ոչ բոլորն են այդտեղ գնված մարդիկ: Կան մարդիկ, որ համոզմունքով են գնում կամ, իմ տեսանկյունից՝ խաբված են: 

Եթե պետութւոնը 10 տարի, 20 տարի առաջ լսեր ու մշակույթի ոլորտում ռեֆորմներ աներ, որպեսզի պետությունը չմիջամտեր մտավորականի գործունեությանը, չգայթակղեր մտավորականին, իրավիճակն այլ կլիներ:

Էդ մարդիկ տարիներ շարունակ սովոր են եղել իրենց լռության կամ լոյալության դիմաց, կոնֆորմիզմի դիմաց ստանալ ինչ-որ գումարներ պետությունից: Հիմա պետությունը կամ քիչ է անում, և մեկ ուրիշը հայտնվել է ու անում է:

Իսկ եթե մեր ասած ռեֆորմները լինեին, ապա այսօր մտավորականը կստանար արժանավայել վճար իր մտավոր աշխատանքի, իր ստեղծագործության համար, և չէր ունենա այս գայթակղության առջև կանգնելու վտանգը:

Մանե Հարությունյան

MediaLab.am