Կորոնավիրուսի ծագումը հայտնաբերելու հարցում ԱՀԿ-ը կարեւորում է բոլոր երկրների աջակցությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում աշխարհի երկրներին համագործակցել կորոնավիրուսի ծագման հետագա ուսումնասիրությունների հարցում ՝ հայտարարելով, որ գործընթացը դժվար է հատկապես այն բանից հետո, երբ Չինաստանում իրականացված նախնական ստուգումների արդյունքները անորոշ են, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Այն հանգամանքը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը չի հաջողվում պարզել, թե որտեղից է սկիզբ առել կորոնավիրուսը ու տարածվել, թույլ է տալիս ենթադրել, որ հատկապես ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ այս հարցում առկա հակասությունները կշարունակվեն: Այդ պատճառով համաշխարհային այս կազմակերպությունը կոչ է անում բոլոր երկրներին համագործակցել` քովիդ 19 հիվանդության համավարակի ծագումն ուսումնասիրելու հարցում, նպատակ ունենալով նաեւ ‘’ապաքաղաքականացնել իրադրությունը’’: ԱՀԿ-ը հայտնում է մի նոր խորհրդատվական խումբ հիմնելու մասին:

Նոր պաթոգենների ծագման միջազգային գիտական խորհրդատվական խումբը զբաղվելու է հետագա ուսումնասիրությունների ‘’արագ ընթացքն’’ ապահովելու ուղղությամբ:

Կազմակերպության խոսնակ Ֆադելա Չաիբի խոսքերով, սա մի դժվար գործընթաց է, որը պահանջում է համատեղ պատասխանատվություն: Քննարկումները, ասում է նա, արդեն իսկ սկսվել են 194 երկրներում: ‘’Դրա համար պահանջվելու է երկար ժամանակ, եւ գիտնականներն աշխատելու են հանգիստ մթնոլորտում, առանց քաղաքական բանավեճերի ազդեցության:’’, ասել է նա:

Լարվածությունը կենտրոնացել է այն հարցի վրա, թե արդյոք վարակը տարածվել է չինական լաբորատորիաներից մեկից, թե ոչ: ԱՀԿ-ի կողմից իրականացված մի առաքելություն մարտ ամսին էր հայտարարել դրա ծայրահեղ անհավանական լինելու մասին, ու ավելացրել, որ այն ամենայն հավանականությամբ տարածվել է չղչիկներից ու անցել մարդուն այլ մի կենդանու միջոցով: Բայց այս եզրահանգմանը գալու համար նորից պահանջվելու են ուսումնասիրություններ:

Չինաստանը հայտարարում է, թե երբեք չի մերժել քովիդ 19 հիվանդության ծագումն ուսումնասիրելու հարցում համագործակցելու որեւէ առաջարկ: Երկրի փոխարտգործանախարարն ասել է, թե կորոնավիրուսի ծագման վերաբերյալ այստեղ շարունակում են անցկացնել ‘’հետևողական և լրացուցիչ’’ հետազոտություններ: