Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների  կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Ինչպես տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: