«Pegasus» լրտեսական ծրագիրն այս պահին հայտնաբերվել է 10 հայաստանցու սմարթֆոնում, նրանցից մեկն Արթուր Վանեցյանն է․ Factor.am

Այս պահի դրությամբ Հայաստանում 8 անձի հեռախոսում «Pegasus» լրտեսական ծրագիր է հայտնաբերվել, նրանց թվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։   

«Apple-ը հեռախոսից տվյալներ է ստանում և զգուշացնում, որ իրեն գաղտնալսում են, ուստի առաջարկում է անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Շրջանառվող «Pegasus» լրտեսող ծրագիրը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Այն հնարավորություն է տալիս առանց օգտատիրոջ իմացության ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա և հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին և այլ ծրագրերին։ Այն բավականին թանկ հաճույք է, ուստի ամեն մարդու նկատմամբ չէ, որ օգտագործում են։ Հիմնականում պետություններն այդ ծրագիրը գնում են ահաբեկչությունները կանխելու և քննչական գործողություններին օգնելու նպատակով»,- նշեց Մարտիրոսյանը։  

Իր սմարթֆոնում լրտեսական ծրագրի հայտնաբերման մասին այսօր ահազանգել էր հենց Վանեցյանը։ Ֆեյսբուքյան գրառմանը կից պատգամավորը տեղադրել էր Apple ընկերության հաղորդագրությունը, որտեղ ծրագրից ձերբազատվելու և անվտանգ պահելու խորհուրդները է տրվում հեռախոսատիրոջը։ Ընդդիմադիր գործիչն իր հեռախոսում ծրագրի առկայությունը կապում է քաղաքական հայացքների հետ.  

«Այս նամակը հաստատում է իմ նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։ Կրկնում եմ՝ ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ հարձակում է իրականացվել տխրահռչակ Pegasus ծրագրով ոչ միայն իմ, այլև մերձավոր շրջապատիս և ընտանիքիս անդամների հեռախոսների վրա»,- գրել էր Վանեցյանը։  

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ թեև հնարավոր չէ նման ծրագրերից զերծ պահել հեռախոսը, սակայն օպերացիոն համակարգերի պարբերաբար թարմացումը կարող է հնարավորինս նվազեցնել վարակվելու ռիսկը։ Ծրագիրը կարող է վարակել նաև «Android» համակարգով աշխատող հեռախոսները։