Ո՞ւմ ապավինեն սիրիահայերը. «Երբ պետք էր՝ օգնեցինք, այս իրավիճակում, մի քիչ ալ Հայաստանը պիտ օգնէ իր համայնքին»

Ո՞ւմ ապավինեն սիրիահայերը. «Երբ պետք էր՝ օգնեցինք, այս իրավիճակում, մի քիչ ալ Հայաստանը  պիտ օգնէ իր համայնքին»
Ո՞ւմ ապավինեն սիրիահայերը. «Երբ պետք էր՝ օգնեցինք, այս իրավիճակում, մի քիչ ալ Հայաստանը պիտ օգնէ իր համայնքին»

Հալեպաբնակ Կարո Քզիրյանն արդեն երկու շաբաթ է տեղափոխվել է Երեւան, նա ասում է, որ փորձելու է իր կյանքը շարունակել Հայաստանում, թեեւ անորոշությունը, անտարբերությունը նրան առանձնապես հույսեր չեն ներշնչում:
Մինչ ՀՀ կառավարությունը բարձրագոչ հայտարարություններ է անում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մասին, իսկ ՀՀ Սփյուռքի նախարարությունը գունագեղ միջոցառումներ կազմակերպում այս կամ այն էկզոտիկ երկրում, իրական վտանգի առաջ կանգնած սիրիահայերը չգիտեն ո՞ւմ ապավինեն, եւ ինչ ակնկալիքներ ունենան հայրենի կառավարությունից:

«Այն ժամանակ, երբ Սպիտակի երկրաշարժը եղած էր, սիրիահայերը շատ օգնած կըլլային այստեղ հայերուն, դրա համար ասում են, որ հիմա այս իրավիճակում մի քիչ ալ Հայաստանը օգնէ իր համայնքին: Պետք է մի քիչ հեշտություն մտցնի համալսարան ընդունվելուն, աշխատանք գտնելուն մեջ»,- ասում է սիրիահայ Շաղիկ Ռասթկելէնեանը եւ հավելում, որ այս ընթացքում Սփյուռքի նախարարությունից կամ նախագահի կողմից ոչ մի այցելություն չի եղել Սիրիա:

Այս տարվա փետրվարին Հալեպում քաղաքական պայքարի արդյունքում պայթունից մահացած առաջին հայ զինվորը՝ 25-ամյա Վիգեն Հայրապետյանը, Շաղիկի ընկերն էր:

«Մենք 5 տարի ընկերություն կանեինք ու առաջին անգամ ծանոթացանք Հայաստանում: Նրա ծառայության վերջին ամիսը կըլլար (2 տարի), երբ այդ դեպքը պատահեց: Դրանից հետո ալ Դամասկոսում, Հոմսում հայ զինվորների մահվան 4-5 դեպք եղած է»,- պատմում է 20-ամյա Շաղիկը:

Վերջին մեկ տարում, Սիրիայում իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը եւ ստեղծված լարված իրավիճակը տեղի հայկական մեծ համայնքի շատ բնակիչների ստիպել են մտածել արտագաղթի, Հայաստանում հիմնվելու մասին:

«Ես հուսով եմ, որ անկարող ընտանիքներուն Հայաստան գալուց օգնություն կտան, բնակարանով կապահովին, ուսումով ու ֆինանսական հարցերը կլուծին: Ու ակընքալիքներ կան բոլորին մոտ, բայց հիմա ամեն մարդ իր միջոցով կգա, թեեւ ամեն մարդ ալ չի, որ կըրնա գալ, քանի որ տոմսերն ալ թանկացրին մոտ 200 դոլարով»,- ասում է Քզիրյանը:

21-ամյա երիտասարդ սիրիահայը Դամասկոսի եւ Հոմսի միջեւ գտնվող Քալամոն համալսարանում դեղագործություն է սովորել մինչեւ երրորդ կուրս, որտեղ քաղաքական ներքին լարվածության հետեւանքով անընդհատ խնդիրներ են եղել, ուստի որոշել է բռնել Հայաստանի ճանապարհը:

Նա նշում է, որ իր ծնողների համար դժվար է թողնել Հալեպը եւ գալ Հայաստան, քանի որ հիմնական աշխատանք ունեն եւ մի քանի տարվա հիմնած բիզնես:

«Այս քաղաքական լարված վիճակը սկսվավ Հոմս, Իտլեպ, Դարա քաղաքներեն: Հիմա արդեն Հալեպում ալ կսկսվի: Այս իրարանցումին մեջը բենզինի, հոսանքի եւ գազին հետ կապված խնդիրներ կառաջանան: Հիմա ալ անապահով սոցիալական պայմաններ սկսված են»,- ասում է Քզիրյանը, ով ծնողներից բացի ունի Հալեպում բնակվող մեկ քույր եւ մեկ եղբայր:

Սիրիայում այսօր բնակվում է շուրջ 60 հազար հայ, որից 45 հազարը միայն Հալեպում: Քզիրյանը նշում է, որ իր հալեպցի ընկերնեից շատերը նույնպես հեռացել են Սիրիայից, ոմանք Դուբայ, ոմանք Լիբանան, ԱՄՆ կամ Կանադա:

«Շատ սիրիահայեր կուզեն գալ Հայաստան, բայց մեծ մասը չեն կըրնալ, քանզի ֆինանսական միջոցներ չունին, շատերն ալ տարիներով իրենց գործը հիմնած են, հիմա չեն կըրնալ ձգել գալ: Նրանք, ովքեր հնարավորություն ունին կամ գաղթում են Հայաստան կամ ավելի լավ երկրներ, որտեղ ապրելուն համար պայմաններն ավելի լավ են ու վիզայի հետ խնդիր ալ չունին»,- ասում է Քզիրյանը, ով իր միջոցներով է եկել Հայաստան եւ ապրում Երեւանում:

Նա նշում է, որ շատ է կարոտում ու սիրում Սիրիան. «Բոլոր սիրիահայերն ալ կսիրեն: Ուրախ ու հանգիստ կապրեինք այնտեղ, մինչ այս խնդիրներու առաջ գալը»:

Քզիրյանի հետ Դամասկոսի նույն համալսարնում սովորող Շաղիկ Ռասթկելէնեանը, ով ամեն տարի ամռանը գալիս է Երեւան, նույնպես ծնվել եւ մեծացել է Հալեպում:

«Արաբներն ու սիրիացիները մեզ հետ շատ լավ կըլան: Ոչ մի խնդիր չունենք իրարու հետ, մենք շատ կսիրենք Հալեպը, բայց իրանց այս քաղաքական պայքարը շատ վտանգավոր է: Դրա համար մի քիչ շուտ մը հայերը կփորձին դուրս ելլել, եթե Աստված չանի պատերազմ ըսկսա»,- ասում է Շաղիկը:

Շաղիկը նշում է, որ Հայաստան տեղափոխվելով բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել եւ հաճախ տարանջատված ու առանձնացված զգալով տեղի հայերի կողմից, հիմնականում շփվում է սիրիահայերի հետ.

«Մենք, որ կգանք այստեղ, մեզ կնայեն, կասեն «պարսիկ եք»: Չեն ըսեր պարսկահայ, այլ հենց պարսիկ: Բայց մենք պարսիկ չենք, մենք հայ ենք ու այստեղի հայերուն ավելի հայրենասեր ենք, քանի որ մենք արաբների ու սիրիացիների մեջ մեծցած, մեր ծնողների ճնշման տակ միշտ հայերեն կսորվինք ու կխոսինք: Հալեպի ու Լիբանանի հայերն են, որ իրենց հայերեն լեզուն պահպանած են»,-ասում է Շաղիկը:

Նա նշում է, որ այստեղ երիտասարդների համար ուսում ստանալու ու աշխատելու համար հնարավորություններ կան, բայց ընտանիքով ապրելու համար շատ դժվար է, քանի որ աշխատավարձը քիչ է, իսկ ամեն ինչ սկսած ուտելիքից եւ տարատեսակ ծառայություններից թանկ՝ ի տարբերություն Սիրիայի:

Սակայն, բազմաթիվ դժվարությունների կողքին, սիրիահայերին զարմացրել է Հայաստանի իշխանությունների եւ հատկապես Սփյուռքի նախարարության անտարբերությունը:

2012 թվականին պետբյուջեից ՀՀ Սփյուռքի նախարարությանը հատկացվել է մոտ 500 միլիոն դրամ՝ այցելությունների, գործունեության, մշակութային եւ հասարակական միջոցառումների համար:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում նախարարությունը այցելություններ է կատարել հիմնականում եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, Ավստրալիա, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լիբանան, Սինգապուր, Թուրքիա: Իսկ 2010-ից այն կողմ որեւէ պաշտոնական այց Հայաստանից Սիրիա չի եղել:

Աջակցության փոխարեն, սիրիահայ համայնքը բախվել է նաեւ օդանավի տոմսերի թանկացման խնդրին: Լարվածությանը զուգահեռ, առնվազն 30 տոկոսով աճել  է Երեւան-Հալեպ-Երեւան տոմսերի արժեքը:

Նշենք, որ «Մեդիալաբին» «Արմավիա» ընկերության հաղորդած տվյալների համաձայն՝ Երեւան-Հալեպ-Երեւան չվերթի տոմսի արժեքն այժմ սկսում է 186 հազար դրամից՝ ի տարբերություն մարտ, ապրիլ ամիսների (132 հազար դրամ): Սակայն, իրականում այդ գինը ավելի բարձր է:

«Տատանումներ եղել են, բայց ոչ թե Սիրիայում տիրող իրավիճակի շահարկմամբ, այլ եվրոյի կուրսով եւ վառելիքի գներով պայմանավորված: Տոմսերը արագորեն վաճառվում են, երկու կողմից էլ պահանջարկ կա»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է ավիաընկերության խոսնակ Նանա Ավետիսովան

Անդրադառնալով սիրիահայ համայնքի գոյության վտանգին՝ վերջերս մտահոգություն է հնչեցրել ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով նույնպես արմատներով Սիրիայից է:

Նշելով որ առնվազն վերջին 8 ամիսների ընթացքում Հայաստանից որեւէ պաշտոնյա չի այցելել Հալեպ կամ Սիրիա, որը Հայոց Ցեղասպանությունից հետո կազմավորված առաջին համայնքն է եղել, նա հայտարարել է, որ «Համայնքը թողնված է սեփական հույսին» եւ, որ «Հալեպի միությունները, կազմակերպությունները, համայնքն ընդհանրապես իրենց թիկունքում չեն զգում հայրենի պետության զորակցությունը»:

«Ես կարծում եմ, որ թեկուզ ուշացումով, բայց այս թերացումը պետք է շատ արագ ուղղել, քանի որ իրավիճակն օրեցօր բարդանում է, եւ համայնքը չգիտի՝ իրեն ինչ է սպասում»,-ասել է Օսկանյանը՝ շեշտելով մի քանի քայլերի՝ Սիրիայի հայ համայնքի աջակցություն տրամադրելու կարեւորության եւ անհրաժեշտության մասին:

«Նախագահի կողմից լիազորված անձ պետք է մեկնի Հալեպ, համախմբի այնտեղ գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին, կրոնական հարանվանությունների առաջնորդներին, լսի նրանց, որի արդյունքում համատեղ ծրագիր պետք է մշակվի ոչ ցանկալի զարգացումների դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու եւ համայնքի վնասները նվազագույնի հասցնելու համար:Հայաստանի պետությունն իրավունք չունի հապաղել»,- նշել էր Օսկանյանը:

Հալեպաբնակ 23-ամյա Մկրտիչ Ներսեսյանը, ով 4 ամիս առաջ եղբոր հետ նույնպես գաղթել է Երեւան, աշխատում է Երեւանի շաուրմայանոցներից մեկում որպես գանձապահ, ասում է որ Հալեպում հայերն իրոք աջակցության կարիք ունեն:

«Աշխատանք գտնելն էր այստեղ դժվար, բայց ծանոթ մը ունեի, օգնեց ինձի: Երկու ամիս անց եղբայրս ալ գտավ աշխատանք, հիմա մատուցող կաշխատի ու երկուսով հեշտ կըլլա ապրելը»,- ասում է Մկրտիչը:

Օրվա 12 ժամյա աշխատանքը երիտասարդ տնտեսագետին թույլ չի տա ազատ ժամանակ ունենալ շփվելու հայերի կամ սիրիահայ ընկերների հետ:

«Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, եւ եթե այստեղ քիչ մը ռուսերեն սովորիմ, կարծում եմ կկարնամ ընկերություններուն, մեծ օբյեկտներուն կամ բանկերուն դիմել աշխատանքին համար»,-հավելում է Մկրտիչը, ով հույսը իր վրա է դրել:

Օր օրի Հայաստան գաղթող սիրահայերին կացարան, աշխատանք ու ապրելու հնարավորություններ տրամադրելու համար tert.am-ի հետ զրույցում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ, եթե Սիրիայում պատերազմ հայտարարվի եւ սիրիահայերին ֆիզիկական վտանգ սպառնա, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ կլինի ամեն ինչով օգնելու նրանց:

«Ինչու՞ է ձեզ բոլորիդ թվում՝ դուք անհանգստացած եք սիրիահայերով, սփյուռքի նախարարությունը՝ ոչ: Ո՞վ է ասում, որ սփյուռքի նախարարությունը ինչ անում է, պետք է հրապարակի: Ես ամեն օր աշխատում եմ սիրիահայերի հետ եւ կատարում եմ այն, ինչ իրենք են ուզում: Նրանք ասում են՝ մենք ապրում ենք այս հողի վրա, մենք տուն ունենք, հող ունենք, բնակարան ունենք, բիզնես ունենք: Մենք ուզում ենք, որ օր առաջ այս հողի վրա հանգստություն լինի, կայունություն լինի ու պատերազմը դադարի»,- ասել է նա:

Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար նախարարություն է դիմել շուրջ 3000 սիրիահայ, որի մի մասն ամեն ամիս ստանում է քաղաքացիություն:

Հրանուշ Հակոբյանը հավատացրել  է, որ այս տարի Սիրիայից հայրենադարձություն չկա և այնտեղից մարդիկ գալիս են միայն ամառը հայրենիքում անցկացնելու համար:

Իսկ Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ նախարարը ամենօրյա կապի մեջ է սիրիահայերի հետ եւ սիրիահայերն իրենք են ասում, որ պետք չէ այցելել Սիրիա, քանի որ «վտանգավոր վիճակ է»:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am